Արևմուտքը նոր խաղ է սկսում…
ՀրապարակումներՕրերս «Change.org» կայքում մի խնդրագիր է հայտնվել, ուր դրա հեղինակները ԵՄ-ին կոչ են անում Արցախի բնակչությանն աջակցելու, օգնելու՝ կենսական պայմանները բարելավելու համար: Համահայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակը, որն էլ հենց հանդիսանում է այդ խնդրագրի հեղինակը, խնդրագրում բավական պատկերավոր կերպով նկարագրում է այն իրավիճակը, որ տիրում է Արցախում, աշխարհի այն անտարբերությունը, որ կա արցախցիների նկատմամբ՝ հակառակ հետխորհրդային տարածքի նույնատիպ այլ հանրապետությունների, որոնց նկատմամբ նույն միջազգային հանրությունը բնավ էլ անտարբեր չէ: Մի խոսքով՝ խնդրագիրն իրենից ներկայացնում է կոչ ԵՄ-ին՝ անտարբեր չգտնվելու Արցախի հանդեպ:
Իրականում, սակայն, անկասկած է, որ այս խնդրագիրը, որն արդեն հասցրել է արժանանալ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների հավանությանը, բնավ էլ ինքնաբուխ կամ, առավել ևս, բացառապես մարդասիրական նպատակներով չէ, որ գրվել է. սրանում աշխարհաքաղաքականության տոկոսայնությունը խիստ բարձր է: Ակնհայտ է, որ սա, ըստ էության, փափուկ ուժի յուրատեսակ դրսևրում պետք է համարել, փորձ ԵՄ կողմից՝ կոլեկտիվ կերպով ներգրավվելու արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե կուզեք, սա միառժամանակ առաջ Բրայզայի հնչեցրած մտքի յուրատեսակ նյութական դրսևորման առաջին քայլը պետք է համարել: Մտահղացման նպատակը հստակ ու տեսանելի է. փոքր քայլերով, եթե իհարկե՝ դրանց հակաքայլեր չձեռնարկվեն, և մտահղացումը սվիններով չընդունվի, մեծացնել ԵՄ կշիռն ու այդպիսով հակակշռել ՌԴ-ին:
Չնայած գաղափարն ինքնին մարդասիրական է թվում, սակայն անկասկած է, որ այն զուտ քաղաքական է: Իսկ սա նշանակում է, որ այն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ ինչ-որ մարդասիրության քողի տակ Արևուտքն այստեղ ավելորդ ակտիվություն դրսևորի. աշխարհաքաղաքական իրավիճակը մարդասիրության ոչ մի տեղ չի թողնում:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ