Գրավիչ ենք էլի, հո զոռով չի
Publications«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է 2017 թվականին գործարարության համար լավագույն եվրոպական երկրների ցուցակը, որում Հայաստանը 46 երկրի շարքում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը:
«Եվրոպական պալատ»-ը գործարար միջավայրի տեսանկյունից երկրները գնահատում է 0-100-ն ընկած բալերի միջակայքում, որտեղ 0-ն համարվում է ամենավատ ցուցանիշը, իսկ 100-ը՝ ամենալավը: Ուսումնասիրությունն իրականացվում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ինդեքսների վրա: Վստահեցումներ այն մասին, թե մեր երկրում գործարարության խթանման և խոշոր ներդրումներ կատարելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, մենք լսում ենք գրեթե ամեն օր: Այս պնդումները սովորաբար ուղեկցվում են այն խոստումներով, թե շատ շուտով դրա մասին կտեղեկանան նաև աշխարհի մեծ ու հարուստ ընկերությունները, և այդ ժամանակ միլիարդավոր դոլարները կսավառնեն դեպի Հայաստան: Բայց միլլիարդները չեն սավառնում ու վերջ, հո զոռո՞վ չի: Իսկ թե ինչու չեն սավառնում՝ կառավարությունում չեն իմանում, գուցե նման զեկույցներն ի վերջո հուշեն հայրենի պաշտոնյաներին և ոլորտների պատասխանատուներին՝ որն է «մուրազին չհասնելու» գլխավոր պատճառը:
Եթե ՀՀ-ում օրենքները չեն գործում և այդ պատճառով հայրենիքը «գրավչությունը» կորցնում է դրսում ապրող մեր հայրենակիցների աչքում, ապա միջազգային բիզնեսն էս կողմերում ի՞նչ գործ կարող է ունենալ: Եթե արտաքին ներդրումներն անցած տարիներին նվազել են, ավելին՝ տեղական արտադրողն էլ է իր կապիտալը դուրս հանել երկրից, ապա հիմա այդ ո՞ր մի օտարերկրացի բիզնեսմենը կցանկանա Հայաստանում «գործ դնել»: Եթե անցած տարիներին իշխող ուժն ու նրա ղեկավարը արգելակել են երկրի զարգացումը, ապա հիմա միջազգային բիզնեսը ի՞նչը հիմք պետք է ընդունի կամ ի՞նչ երաշխիքներ կարող է ունենալ Հայաստանում գործունեություն ծավալելու համար: Մեր օրենսդրությունը ներդրումների մասով կարելի է համարել շատ առաջադիմական, և այն շատ ազատական է եղել ներդրումների ներգրավման առումով: Դրա մասին գնահատականներ տվել են նաև բազմաթիվ միջազգային կառույցներ: Բայց դժվար է հավատալ, որ ներդրումային օրենսդրությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են (նույնիսկ եթե դա հնարավոր լինի) կատարելագործել ու լրացուցիչ խթաններ ստեղծել, որպեսզի դա հիմք հանդիսանա ներդրումների ծավալների ավելացման համար: Որովհետև, բացի ինստիտուցիոնալ դաշտից, ներդրումների համար նաև այլ գործոններ են անհրաժեշտ՝ մոտիվացիա, այդ թվում՝ նաև քաղաքական:
Մեր պարագայում, այս պահի դրությամբ, քաղաքական արգելափակող գործոններ կան ներդրումների համար և դա ակնհայտ է: ՀՀ-ն արդեն մաս է կազմում մի միության, որի նկատմամբ, ըստ էության, կիրառվում են պատժամիջոցներ՝ ի դեմս ԵՏՄ-ի միջուկ Ռուսաստանի: Եվ դա, հակառակը, վանում է ներդրողներին ոչ միայն ՌԴ-ից, այլև Հայաստանից: Օրինակ՝ փաստ է, որ «Օրանժը» հեռացավ: Այս իրավիճակը չի կարող նպաստավոր լինել: Մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության վիճակը բարդանում է և, դրանով պայմանավորված, մենք ունենում ենք լուրջ խնդիրներ հարկաբյուջետային համակարգում, և դա նույնպես գրավիչ չէ ներդրողների համար, նաև չմոռանանք՝ Հայաստանն արդեն արտաքին մեծ պարտք ունի: Միջավայրի առումով, որքան էլ օրենսդրությունը գրավիչ լինի, իրադրությունը բարդանում է, արդյունքում՝ ունենում ենք նման զեկույցներ և ինչպես միշտ՝ վերջից առաջինն ենք դառնում:
Ստելլա Խաչատրյան