Սահմանին տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է, որն անպատասխան չի մնալու. Դավիթ Բաբայան. Թերթ.am
ОбществоՍահմաններում իրավիճակը լրիվ վերահսկելի է և պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է հունիսի 16-ի սահմանին գրանցված միջադեպին, ինչի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի, Դավիթ Բաբայանն ասաց.«Տեղի ունեցածը հերթական ահաբեկչական գործընթացն է, ոչ այլ ինչ, քան ահաբեկչություն: Հակառակորդը կրկին դիմում է նման նենգ քայլերի, հեռվից օգտագործելով տարբեր զինատեսակներ: Այսինքն՝ այն, ինչն ամեն օր տեղի է ունենում: Մեզ համար դա ողբերգություն է, բոլորս սգում ենք, որպես մեր անձնական կորուստ: Այս պահին ողջ Արցախը սգում է երեք զոհերի համար: Այդ երիտասարդների կյանքը կտրվեց թշնամու ահաբեկչական գործողությունների հետևանքով, իհարկե, սա անպատասխան չի մնալու: Խնդիրն այն է, որ մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ»:
Հարցին, թե սովորաբար սահմանային լարվածությունը գրանցվում է նախատոնական օրերին, դիվանագետների կամ պաշտոնյաների հանդիպումներից առաջ, այս դեպքը ևս այդ շարքում կարող է լինել, հաշվի առնելով, որ համանախագահներն առաջիկայում մեկնում են Բաքու, Դավիթ Բաբայանն ասաց, որ սա էլ է այդ շարքից:
«Այո, շուտով համանախագահները մեկնելու են Բաքու: Բացի այդ, Նախիջևանում ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունեցել»,- ասաց Բաբայանը:
Նա նաև նշեց, որ տեղի ունեցածը գլոբալ ահաբեկչական քաղաքականության մի մաս է, որի հետևում կանգնած է Թուրքիան.«Թուրքիայի ղեկավարությունը մի քանի օր առաջ դատապարտել է Մինսկի խմբի աշխատանքը: Իրենք լինելով ահաբեկիչ, ցեղասպան պետություն դատապարտում են խաղաղության առաքելություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը»: