Արթուրը ոչ մեկին չի անպատվել. Լևոն Ջուլֆալակյանը՝ Թբիլիսիում Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպի մասին
СпортԱրթուրը ոչ ոքի չի անպատվել և բացարձակ ոչ կոռեկտ պահվածք չի դրսեւորել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Նախ ասեմ, որ Թբիլիսիում անցկացվեց միջազգային մրցաշար, որտեղ մեր հավաքականը մասնակցում էր խոշոր կազմով: Օգոստոսին աշխարհի առաջնություն է անցկացվելու և մենք պետք է պատկերացում կազմեինք մեր ըմբիշների հնարավորությունների մասին»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպին, մարզիչը նշեց.
«Եզրափակչում Ալեքսանյանը հանդիպեց վրացի մարզիկին, ով դասկարգումով հետ է Ալեքսանյանից: Ալեքսանյանին հաղթելը նրա համար հաջողություն կլիներ:
Գոտեմարտի 5.16 վայրկյանին երկրպագուները վրդովվեցին, ինչը տեղին էր: Երկրպագուի համար տհաճ է, երբ մրցավարը անարդար միավոր է տալիս մարզիկի, ով չի վաստակել այն: Երկրպագուները սկսեցին գոռալ, գոչել, միջադեպ տեղի ունեցավ հայ և վրացի երկրպագուների միջև: Երկրպագուները բորբոքվել էին, որ անարդար գնահատականներ էր տրվել վրացուն: Իրոք հայաստանից շատ երկրպագուներ էին եկել: Գոտեմարտի ավարտին 40 վայրկյան կար, ամեն դեպքում՝ գոտեմարտը կանգնեցվեց, միջադեպը տևեց 15 րոպե: Քաշեցին նաև Գևորգ Ալեքսանյանին: Արթուրը տեսավ և չէր կարող անտարբեր մնալ:
Բարեբախտաբար, նա զսպեց էմոցիաները: Նա միայն դուրս եկավ գորգից, ինչը խախտում է: Բայց կարելի էր տարբեր գնահատականներ տալ դրան: Ալեքսանյանը երկրպագուներին խնդրեց հանդարատվել, որպեսզի գոտեմարտը շարունակվի: Արթուրին խնդրեցինք բարձրանալ գորգ: Նա ոչ մեկի չի անպատվել: Դա ձայնագրված է: Արթուրը բացարձակ ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել և իրեն շատ լավ դիրքերում է պահել: Ցանկացած իրեն հարգող տղամարդ, եթե տեսնի, որ իր հորը տարբեր մարդիկ ուզում են քաշել, անպատվել, ո՞ր մեկը անտարբեր կմնար: Արթուրն իրեն բարձր պահեց և միայն պնդեց դադարեցնել քաշքշուկը:
Նման պարտություններն իրոք անընդունելի են: Գորգից հեռանալու համար նկատողություն են նշանակում և երկու միավոր տալիս մրցակցին, սակայն նրան որակազրկեցին:
Մենք դիմել ենք միջազգային ըմբշամարտի ֆեդերացիա և նշել, որ նման մոտեցումը տհաճ է, որովհետև երկրպագուները բորբոքվել են մրցավարների անարդարության պատճառով: Խնդրել ենք` քայլեր մշակեն, որ մրցավարները ճիշտ վարեն խաղը, որպեսզի երկրպագուների կողմից պոռթկումներ չլինեն:
Նման բան կարող է տեղի ունենալ տարբեր մրցաշարերում` վատ մրցավարության պատճառով: Բռունցքների չհասավ: Փառք Աստծո՝ ամեն ինչ նորմալ ձևով կարգավորվեց, որովհետև նման միջադեպը կարող էր բարդ վերջանալ:
Արթուրը բացարձակ որևէ կոպիտ խախտում չի արել, որակազրկումն էլ եղել է կոնկրետ այդ մրցաշարի համար: Այլ որոշում՝ կլինի վատ տրամադրվածություն Արթուրի և մեր հավաքականի նկատմամբ, եթե նման բան տեղի ունենա, մենք ձեռքներս ծալած չենք նստի»:
Լևոն Ջուլֆալակայանը նշեց, որ Վրաստանի ըմբշամարտի նախագահը մոտեցավ տրիբունային և վրացերենով դիմելով ազգակիցներին, ասաց.
«Բոլորդ հանդարտվե՛ք, հայերը մեր եղբայրներն են: Որևէ այլ շարունակություն չտեսնենք, նրանք մեր եղբայրներն են և նրանց պետք է պատվով, հարգանքով ճանապարհ դնենք» :
Անդրադառնալով մրցաշարը բոյկոտելու տարբերակին, Ջուլֆալակյանը նշեց.
«Ես միշտ դեմ բոյկոտելուն: Դա ինձ համար անընդունելի է, որովհետև մարզիկները տարիներ շարունակ պատրաստվում են և ուզում են հանդես գալ և տեսնել, թե ինչ մարզավիճակում են: Բայց պետք է պայքարեն մրցավարության անարդարության դեմ:
Մարզիչը նաև նշեց, որ այդ գոտեմարտը, ոչ թե թուրք մրցավարն է դատել, այլ տարբեր մրցավարներ: Թուրքը եղել է ինստրուկտորը, ով նշանակվել է միջազգային ֆեդերացիայի կողմից և պատասխանատու է մրցաշարի համար:
Մարզիչը նշեց, որ առաջիկա մրցաշարին հավաքականը հաղթական է տրամադրված: