Արկադի Համբարձումյանը՝ իրեն պատկանող ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումների մասին
PoliticalՎերջերս մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը, որը զբաղվում է շոկոլադի ներմուծմամբ, կտրուկ թանկացրել է Հայաստանում վաճառվող «Սնիկերս», «Մարս», «Թվիքս» շոկոլադե սալիկների գները: Այս հրապարակումներից հետո ՊԵԿ-ը սկսեց ստուգումներ պատգամավորին պատկանող ընկերությունում:
Այսօր Ազգային ժողովում լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված ՊԵԿ-ի խիստ ստուգումների անցկացումն իր ընկերությունում:
Պատգամավորին լրագրողների հարցը դուր չեկավ, որին ի պատասխան, շատ կարճ և կտրուկ հերքեց ՊԵԿ-ի՝ ստուգումների մասին լուրերը:
Լրագրողների ճշտող հարցին՝ փաստորեն, իր գործերը շատ լավ են և ստուգումներ չկա՞ն, Արկադի Համբարձումյանը պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր էլ չկա»:
Դիտարկմանը՝ փաստորեն պատգամավոր լինելուց զատ՝ նաև բիզնեսո՞վ է զբաղվում, պատգամավորը պատասխանեց. «Ես իմ բիզնեսները տվել եմ հավատգրման»,-շտապելով պատասխանեց նա՝ հավանաբար ի նկատի ունենալով հավատարմագրում բառը:
Վերջին հարցը՝ ինչո՞ւ է ինքը խախտում օրենքը և զբաղվում բիզնեսով, պատգամավորն անպատասխան թողեց և հեռացավ իր խոսքով ասած՝ աշխատելու: