Դավիթ Թորոսյանը՝ Բաչկովի, Եվրոպայի առաջնության և Աշխարհի առաջիկա առաջնության մասին
Sport«Ավելի լավ է մեկ հատ ոսկի նվաճեինք, քան 15 արծաթ»:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից հետո այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:
Խոսելով Եվրոպայի առաջնությունից հետո կայանալիք Աշխարհի առաջնության մասին, մարզիչն ասաց.
«Ժամանակը շատ քիչ է: Իմ խորին համոզմամբ՝ մրցույթների հերթականությունը ոչ մասնագետներ են կազմակերպել, որովհետև Եվրոպայի առաջնությունից՝ ծանրագույն մարտերից հետո մարզիկներին առնվազն մեկ ամիս հանգիստ է հարկավոր, սակայն ամիս ու կես հետո սկսվում է Աշխարհի առաջնությունը: Այս պահին ունենք երկու մասնակից՝ Կարեն Տոնականյանը և Հովհանես Բաչկովը: Սա ուժային մրցաձև է, մարզիկները պետք է հանգստանան, վերականգնվեն, բայց 1,5 ամսից աշխարհի առաջնությունը կսկսվի: Բաչկովին նվազագույնը 4 շաբաթ է պետք հանգստանալու համար: Մի քիչ ճիշտ չի պլանավորված, բայց պետք է ենթարկվենք միջազգային ֆեդերացիայի կանոններին»:
Խոսելով Բաչկովի՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ցանկության մասին, հավաքականի մարզիչը հավելեց.
«Բազմից ասել եմ՝ պրոֆեսիանալ բռնցքամարտն այլ է: Բայց սիրողական բռնցքամարտիկները կարող են նաև պրոֆեսիոնալին մասնակցել:
Բաչկովը եթե անցնի պրոֆեսիոնալ բռնցքամարտին, նա նորից կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին և մնացած առաջնություններին: Բայց այստեղ բարդություն կա. պրոֆեսիոնալ ռինգին մասնակցողներն, անկախ իրենց կամքից, հեռանում են սիրողականից:
Բաչկովի քաշային կարգում առաջնությանը մասնակցում էին օլիմպիական խաղերի մրցանակակիրները, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ: Նրանք պարտվեցին: Կուբայից Բաքու գնացած մարզիկը խայտառակ պարտվեց այն մարզիկին, ում Բաչկովը ջախջախեց: Այս քաշային կարգը շատ հզոր էր: Եզրափակչում Բաչկովի մրցակիցը չէր պատկերացնում, որ Հովհաննեսն իրեն կհաղթի: Շատ վստահ էր ինքն իր վրա:
Բռնցքամարտը անկանխատեսելի է մարզաձև է, մի հարվածը կարող է ամեն ինչ լուծել: Մի խոսքն էլ կարող է ազդել: Հատուկ շնորհակալություն հոգեբաններին, ովքեր մեզ հետ երկար ժամանակ աշխատեցին: Հոգեբանությունը բռնցքամարտում շատ մեծ դեր է կատարում: Մի բառը բռնցքամարտիկին կարող է բարձրացնել կամ կործանել:
Խոսելով մարզիկների պրոֆեսիոնալ ռինգում ելույթների մասին, Թորոսյանը հավելեց.
«Օգոստոսի 4-ին Սոչիում կկայանա բռնցքամարտի հաջորդ շոուն, որին կմասնակցեն Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը և Գոռ Երիցյանը: Մրցակիցներին դեռևս ընտրում ենք: Հավաք կանցկացնենք աշխարհի առաջնությունից առաջ»:
Մրցավարական անարդարություններին անդրադառնալիս, մարզիչն ասաց.
«Մենք փոքր ազգ ենք, մեզ ուզում են անընդհատ ճնշեն: Մեզ խփում են, մենք էլ իրենց ենք խփում: Թող իմանան՝ հայը ով է»:
Այն հարցին, թե արդյո՞ք սպորտը միախառնված է քաղաքականությանը, մարզիչն ասաց.
«39 երկիր էր մասնակցում: Մեծ Բրիտանիան երեք թիմով էր հանդես գալիս՝ Անգլիա, Ուելս, Իռլանդիա: Եթե հնարավորություն տան մենք էլ երկու թիմով կներկայանանք՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն: Բրիտանացիներից 7-ը եզրափակչում էին, բայց մեկը դաձավ չեմպիոն: Հայաստանը մի հոգի ուներ եզրափակչում և դարձավ չեմպիոն: Ամեն ինչն էլ քաղաքականություն է:
Մարզիչը վերջում շնորհակալություն հայտնեց Խարկովի հայերին:
«Մենք մեզ տանն էինք զգում: Ամեն վայրկյան մեր կողքին էին: Շատ համախմբված էին»: