Այսօր Ազգային Ժողովը կընտրի Արցախի նախագահին
ПолитическиеԱյսօր՝ հուլիսի 19-ին, Ստեփանակերտում կմեկնարկի Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հատուկ նիստը։
Խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Արցախի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել. Արցախի ներկա նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
Խորհրդարանի հատուկ նիստը կսկսվի ժամը 11:00-ին:
Թեկնածուները 1-ական ժամ ելույթ են ունենալու ու ներկայացնելու իրենց ծրագրերը:
Ելույթներից հետո ԱԺ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել թեկնածուներին, որից հետո թեկնածուները ևս 15-ական րոպե կունենան ելույթի համար:
Դրան հաջորդելու է փակ գաղտնի քվեարկություն: Ընտրված է համարվելու այն թեկնածուն, ով կստանա պատգամավորների ձայների 2/3 մասը:
ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները որոշել են սատարել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Այդպիսով, ստացվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը՝ 33 պատգամավորներից 28-ը պետք է քվեարկեն նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։