Մարտունի քաղաքում «Վարդավառ» տարածաշրջանային փառատոնը նշվեց նորաբաց հանրային լողափի բացումով
Սևանա լճի թվով 11 հանրային լողափերի թիվն ավելացավ ևս մեկով: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Վարդավառ» տարածաշրջանային փառատոնը նշվեց նորաբաց հանրային լողափի բացումով: Մարզպետ Կարեն Բոթոյանը հայտարարեց, թե Մարտունու շրջանում այն միակ հանրային լողափն է, որը կառուցվել է մարտունեցիների միջոցներով:
«Պետական ոչ մի միջոց չի եղել, մարտունեցիները հավաքվել են՝ քաղաքապետ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, և լողափ կառուցել»,-ասաց մարզպետը:
Տոնական միջոցառմանը բազմաթիվ հյուրերի թվում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և այլք:
Տոնը սկսվեց Ջրօրհներքի արարողությամբ, այնուհետև ազգային երգ ու պարն ուղեկցվեց տոնական ծեսերով ու խաղիկներով: Մարզի առանձին համայնքներ տաղավարներում ներկայացել էին Վարդավառի ավանդական ուտեստներով:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշեցին երկու միջոցառում մեկտեղել: «Քանի որ այս շրջանում լողափ չկար, այն կառուցվեց մարտունեցիների համար, ովքեր կարող են գալ և ընտանեկան միջավայրում հանգստանալ»,-ասաց մարզպետը: