Եվրամիության կողմնակիցները բավականին թույլ են և շատ քիչ.«Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
– Պարոն Ադիբեկյան, «Ելք» դաշինքի որոշ անդամներ պատրաստվում են առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի մեր երկիրը դուրս գա ԵՏՄ–ից: Դա ինչպիսի՞ արձագանք կունենա մեր ժողովրդի մոտ:
– Նրանք ցանկանում են, որ Հայաստանը մերձենա Եվրամիության հետ, քանի որ մեր երկրի համար Ռուսաստանի հետ արդյունավետ ապագա չեն կանխատեսում: Սակայն մեր հարցումներում մշտապես բնակչության ոչ պակաս 60%–ը երկրի ապագան կապում է Ռուսաստանի հետ: Իսկ Եվրամիության կողմնակիցները բավականին թույլ են և շատ քիչ են: Ու նաև մեր արտագաղթողների 80%–ը գնում է Ռուսաստան: Մի 15%–ը գնում է Եվրոպա: Մնացածը` աշխարհի տարբեր երկրներ: Ուստի բնակչության համար Ռուսաստանը մնում է որպես կերակրող կողմ: Տարեկան մոտ 1,3 մլրդ դոլարի գումար է գալիս Ռուսաստանից այստեղ` ընտանիքներին պահելու համար: Եթե նայես «Ելքի» նախընտրական ծրագիրը, նրանք կարծես ցանկանում էին նոր շունչ հաղորդել ընտրություններին, և որպես հիմնական թիրախ դրել էին Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը:
– Իսկ մի՞շտ է, որ մեծամասնությունն է ճիշտ: Հաճախ խոսվում է նաև որակյալ փոքրամասնության մասին:
– Դրա համար նախ որակյալ փոքրամասնությունը պետք է կարողանա համոզել անորակ մեծամասնությանը, որ իրենց երեխաների, թոռների ապագայի համար առավել նպատակահարմար է գնալ դեպի Եվրամիություն, քան Ռուսաստան: Բացի դա, մենք չունենք ռեսուրս` համապատասխան Եվրոպական ստանդարտներին: Տեսեք, թե Թուրքիան որքան է ձգտում մտնել Եվրամիություն, բայց նրա ստանդարտները քիչ են: Կամ Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, նախկին խորհրդային երկրները ամենաաղքատն են եվրոպայում: Ո՛չ գիտություն ունեն, ո՛չ արտադրելու մշակույթ ունեն, ո՛չ մասնագիտական ներուժ ունեն, ո՛չ էլ բնական ռեսուրսներ ունեն: Նույնն էլ` Հայաստանը. եթե հայտնվի Եվրամիության մեջ, անելիք չի ունենա այնտեղ: Ոստի եթե Եվրոպան ձգտում է, որպեսզի մեզ ունենա իր շարքերում, պետք է ներդրումներ անի մեր երկրում, պետք է զարգացնի արդյունաբերությունը, միջազգայնորեն մրցունակ արտադրանք ապահովի և այլն, և այլն: Այս դեպքում միայն կարող ենք Եվրոպա մտնել: Թե չէ ինքն ասում է մեզ` գնա լողացի, սանրվի, քամուց պաշտպանվելու համար լավ հագնվիր, նոր միայն կմտածեմ` քեզ ընդունեմ, թե ոչ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում