Հայաստանը սրբագրում է իր սխալը
АналитическийՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարության որոշմամբ հաստատել երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա օրակարգում: Թիրախային երկրների մեկնարկային ցանկ է առաջարկում` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ: Ստացվեց 14 պետություն, որից միայն մեկն է ԵՏՄ-ից՝ Ռուսաստանը:
Այստեղ ակնհայտ հակասություն է առաջանում իշխանությունների հռչակած դոգմաների և նրանց իսկ կողմից առաջ քաշվող առաջարկությունների միջև: Եթե ԵՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, որին մենք միացել ենք տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, ապա ինչո՞ւ է ԱԳՆ ներկայացրած ցանկի կեսից ավելին ԵՄ անդամ երկրներ: Արդյո՞ք սա չի նշանակում , որ ԱԳՆ-ն փորձում է խմբագրել իր իսկ ձախողումը: Մի բան ակնհայտ է՝ ցրվում է այն միֆը, որ Հայաստանը ԵՏՄ-ին միացել է իր կամքով և տնտեսության զարգացման տեսլականից ելնելով: Իրականում Հայաստանն իր ապագան կապում է այն միության հետ, որին անդամակցելուց հրաժարվեց քաղաքական ճնշման արդյունքում. ԱԳՆ ներկայացրած ցանկը դրա վառ վկայությունն է: Փաստորեն, տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցության եզրեր՝ Հայաստանն այդպես էլ չի գտնում: Իսկ ի՞նչն է Հայաստանը պահում ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, եթե անգամ իշխանությունները չեն կարողանում հստակ հիմնավորել դրանում գտնվելու առավելությունները: Այստեղ երկու գործոն կա: Առաջինը՝ Հայաստանի քաղաքական էլիտայի կախվածությունը Կրեմլից, որը մի անգամ չէ, որ ապացուցել է. հեշտությամբ կարող է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Երկրորդը՝ Մոսկվայի կողմից ավելի ուժեղ ճնշման գործոնն է: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես անուղղակիորեն խոստովանել է Ռուսաստանի կողմից ճնշման փաստը: Խոսելով Վրաստանում և Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին՝ նա ասել է, որ, հնարավոր է՝ Վրաստանը կնախընտրեր ավելի քիչ զբոսաշրջիկ ունենալ, բայց տարածքներ չկորցնել: Հայաստանում դա ընկալեցին որպես խոստովանություն. կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն իրապես Հայաստանին սպառնացել է տարածքային կորուստներով՝ ԵՏՄ անդամակցումից հրաժարվելու դեպքում:
Ստելլա Խաչատրյան