Ջուրն էժանացնելու փոխարեն կթանկացնեն. ի՞նչ հիմնավորմամբ
Аналитический«Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը թանկացնելու հայտով։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Վեոլիա Ջուր»-ը պատրաստվում է 1 խմ ջրի դիմաց սակագինը դարձնել 194 դրամ՝ ներկայիս 180 դրամի փոխարեն: Այս ընկերությունը ողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից և պայմանագրում նշված է, որ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել, բայց այսօր արի ու տես՝ նրանք պատրաստվում են այդ քայլին գնալ:
Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վեոլիա գրուպի» կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին հայտարարել էր ջրի թանկացման հավանականության մասին: Այն ժամանակ Գենդուրին վստահեցրել էր՝ ջրի սակագինը կբարձրանա ծիծաղելի չափով: Այժմ 1 խ/մ. ջրի արժեքը 180 դրամ է, «Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած գինը 194.3 դրամ է, իսկ խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որի սակագինն էլ առաջարկվում է դարձնել 58.3: Թե որքանով է այս չափը ծիծաղելի՝ դատեք ինքներդ:
Տարբեր ոլորտներում էլ մենք այդ փորձն ունենք, երբ սկզբում միշտ ուռճացված թիվ են ներկայացնում, որպեսզի հետո հասարակական ընդվզման արդյունքում կարողանան սակագինը իբրև թե նվազեցնել: Սա, ի դեպ, վաղուց փորձարկված մեթոդ է. ամեն անգամ կոմունալ ծառայությունների սակագները բարձրացնելիս մատնանշում են, թե իրականում սակագինն ավելի բարձր պետք է լիներ, բայց դե մտնում են հայ ժողովրդի ծանր դրության մեջ։ Մտեք արխիվները եւ համոզվեք. միշտ ավելի բարձր սակագին են առաջարկել, հետո իբրեւ թե «բարիշել» ավելի ցածր սակագնի վրա։ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովն էլ հպարտությամբ այդ ամենն իրեն է վերագրում, որ չասեն, թե անիմաստ կառույց է։
Իհարկե, «Վեոլիան» կարող է ասել՝ երբ ինքը սկսել է աշխատել, հաշվի չի առել լրացուցիչ ծախսերը, խնդիրներ են առաջացել, կան կորուստներ, իրականում պատկերն այլ է, քան մենք գիտեինք, այսինքն՝ հիմնավորումներ ինչքան ուզեք, կգտնի: Հետևաբար՝ պետք է փոխել մոտեցումն ու մեթոդոլոգիան, որպեսզի ընկերություններն անգամ եթե ներդրումներ են անում, շահագրգռված լինեն այդ ներդրումներն արդյունավետ օգտագործել և ոչ թե ցանկացած ներդրում բերեն, մտցնեն սակագնի մեջ՝ փորձելով արդարացնել սակագնի բարձրացումը:
Գուցե թանկացումը պատճառաբանեն նաև նրանով, որ նախատեսված ֆինանսական միջոցները, որ պետք է օգտագործեն, ավելի թանկ արժեն, բայց ակնհայտ է, որ համաշխարհային շուկայում ֆինանսական միջոցներն էժան են և դեռևս չեն թանկացել: Հայաստանի արտարժույթի շուկան էլ, որը ևս ազդեցություն է ունենում սակագնի հաշվարկման համար, էական փոփոխության չի ենթարկվել, մնացել է նույնը կամ նույնիսկ դրամն արժևորվել է, որը պետք է հակառակ ազդեցություն ունենար, այսինքն՝ բերեր սակագնի իջեցման:
Ստելլա Խաչատրյան