Հայաստանում կունենանք արտոնյալ գյուղատնտեսներ
EconomyԳործադիր մարմնի օգոստոսի 10-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարությանը և Պետական եկամուտների կոմիտեին՝ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղտեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների համար ներկրվող ապրանքների մաքսային վճարները փոփոխության ենթարկելու նախագիծ:
Ըստ վարչապետի՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ներկրման համար սահմանված մաքսային վճարները լրացուցիչ բեռ են դառնում ներկրողների համար, ուստի անհրաժեշտ է պետական ծրագրի շրջանակում թեթևացնել նշյալ ապրանքների մաքսային վճարները և ստեղծել խրախուսման մեխանիզմներ` գյուղատնտեսների համար սահմանելով արտոնյալ մասավճարներ:
«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ», - հայտարարեց Կարեն Կարապետյանը: