Կիրակի խաղողօրհնեքի տոնն է
SocietyԽաղողօրհնեքի տոնին Հայաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: Օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը: «Առաքելական կանոնակարգով պատարագը կմատուցվի 11:00-ին»,- նշեց նա:
Ներկայացնելով տոնի պատմությունը՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց, որ Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ «Ապա 14 օր անց կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանի պարտեզում»,-պատմեց քահանան:
Աստվածածնի վերափոխման տոնին ավանդույթ կա ուխտագնացություն կազմակերպել Աստվածածին անունը կրող Հայաստանի բոլոր եկեղեցիներում: «Այդ օրը ավելի մարդաշատ է Նորք-Մարաշ համայնքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին»,-ասաց Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով՝ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։