Հրդեհի դեմն առնելու հարցում հույսը ծանր տեխնիկան է. Արտավանի բնակիչ
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:
Այս ընթացքում Վայոց ձորի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 92 հրշեջ, 165 զինծառայող, 73 ոստիկան, ՊՆ ուղղաթիռ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արտավանի բնակիչ Արթուր Գալստյանը փոխանցեց, որ այս պահին հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, օգտագործվում է ծանր տեխնիկա. «Այրվել է մեծ ծավալով խոտածածկ և անտառային տարածք: Դեպի Արտավան գյուղ եկող տարածքի կրակը մարվել է զինվորների, ԱԻՆ աշխատակիցների և գյուղի բնակիչների ուժերով, բայց հիմա կրակը բռնկել է Սարավան գյուղ տանող ճանապարհի անտառը: Մեծ տեխնիկաները՝ ջրատարները (ԿամԱԶ) և տրակտորը այս պահին այնտեղ են աշխատում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մեկ ժամ առաջ իրավիճակը շատ վատ էր, եթե ծանր տեխնիկան կարողանա անտառը երկու մասի բաժանել և հրդեհի դեմն առնել, ուրեմն ամեն բան նորմալ կլինի, իսկ եթե ոչ՝ շատ վատ կլինի, ամբողջ անտառը կայրվի:
Գալստյանը դժվարացավ ասել, թե ինչը կարող էր լինել կրակի բռնկման պատճառը. «Գուցե 40 աստիճան շոգն է եղել, չենք կարող ենթադրություն անել և ասել՝ ինչ-որ մեկն է վառել»:
Արտավանի բնակիչը վստահեցրեց՝ գյուղացիները խուճապի մեջ չեն:
Սոնա Հարությունյան