Կրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...
ՎերլուծականՌուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած շահերը չափազանց կենսական նշանակություն ունեն այդ երկրի համար, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իրականում ինչի կարող է հանգեցնել Անդրկովկասի կորուստը՝ Մոսկվայի համար: Բոլորովին գաղտնիք չէ նաև այն, որ այս խրթին տարածաշրջանում Մոսկվայի միակ ռազմաքաղաքական հենակետը կա և մնում է միմիայն Հայաստանը, ու որքան էլ ռուսները փորձեն հաճախ կասկածելի ճանապարհներով կամուրջներ կառուցել, ասենք՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի՝ այս տարածաշրջանում «ֆորտպոստը» հանդիսացող Բաքվի հետ, փաստը մնում է փաստ, որ նմանօրինակ բոլոր փորձերը մատնվել ու մատնվելու են անհաջողության. Ալիևն ընդամենը խաղում է Կրեմլի զգացմունքների հետ և վե՛րջ: Այս ճշմարտությունը հասկանալու համար բնավ էլ Ստրատֆորի առաջատար փորձագետ լինել պետք չէ…
Ադրբեջանամետի համարում ունեցող կրեմլամերձ ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանում գործող քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն օրերս հերթական անգամ հասցրել է փայլել իր հակահայկական հռետորաբանությամբ. իր թրքասիրությամբ հայտնի գործիչը ադրբեջանական «Вестник Кавказа» էլեկտրոնային ռեսուրսի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները բավարար խստություն չեն ցուցաբերում այն բանում, որ ճնշեն արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող հակառուսական կազմակերպությունների գործունեությունը՝ ստեղծելով այդպիսով նյութական հիմք հակառուսական տրամադրությունների զարգացման համար՝ փառաբանելով այնպիսի «նացիստ» գործիչների, ինչպիսին է Գարեգին Նժդեհը: Մարկովը կարծիք էր հայտնել, թե Հայաստանը կարող է նույնիսկ Ուկրաինայի վերածվել՝ թշնամի՝ Ռուսաստանին:
Ընդհանրապես, պետք է նկատենք, որ Նժդեհի անվան շահարկումը սին ու դատարկ մեղադրանքներ հնչեցնելիս՝ նորություն չէ Ռուսաստանում. անցյալում Մարիա Զախարովան՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը նույնպես Նժդեհի անունն էր հոլովել՝ այդպիսով փորձելով իբր սաստել Հայաստանին ու նախատել հակառուսական լինելու համար:
Այս ողջ պատմության մեջ, սակայն, կարևորը ոչ թե, ասենք, Մարկովի տրամադրվածության հարցն է առ Հայաստան, որքան այն, թե ինչ է պաշտոնական Կրեմլը Մարկովի բերանով փորձում հասկացնել Երևանին ու ինչ ակնարկ է անում Բաքվին: Իրականում խնդիրն առավել քան տեսանելի է. Մարկովի հապճեպ հարցազրույցն էապես պայմանավորված է ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում նկատվող դրական նյուանսներով, ինչպես նաև առաջիկա աշնանը ԵՄ-Հայաստան նոր փաստաթղթի ստորագրմամբ: Բնական է, որ առաջիկայում այլևս անխուսափելի թվացող իրադարձությունը չէր կարող Մոսկվայի սրտով լինել, ու վերջինս, փաստացի, բավական կտրուկ ու, եթե կուզեք, անընդունելի միջոցներով, փորձում է հասկացնել պաշտոնական Երևանին, որ չի համակերպվելու Արևմուտք-Հայաստան հարաբերությունների սերտացմամբ: Ուշագրավն այստեղ հատկապես այն է նաև,որ այդ դժգոհությունը ռուսներն արտահայտում են ադրբեջանական լրատվամիջոցի միջնորդությամբ, ինչն, ըստ էության, պետք է լրջագույն դիվանագիտական ժեստ համարել՝ ճիշտ է՝ առայժմ ոչ պաշտոնական, բայց հղի միանգամայն անկանխատեսելի հետևանքներով: Ընդ որում՝ Ուկրաինայի մասին հիշատակումները ևս առավել քան խոսուն են ու իրենց մեջ պարունակում են ուղիղ սպառնալիքներ:
Այս քայլով ռուսներն ինչ-որ տեղ նաև փորձում են շոյել Ալիևի ինքնասիրությունն, ինչը կարելի է ուղիղ պատասխան համարել նաև Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովի՝ վերջերս կատարած այն հայտարարությանը, թե ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը պետք է զարգացման նոր փուլ թևակոխի: Ռուսները փաստացի խաղում են երկու ժողովուրդների թշնամանքի վրա՝ տարածաշրջանույմ իրենց դիրքերն ամրապնդելու համար՝ որպես հիմնական թիրախ ունենալով, սակայն, Հայաստանը. Մոսկվան խնդիր ունի Հայաստանը հարյուր տոկոսով պրոռուսական պետություն դարձնելու, ամեն գնով խզելու Հայաստան-Արևմուտք հարաբերությունները և այլն, ինչին հայաստանյան իշխանությունները չեն գնում՝ շատ լավ հասկանալով հակակշիռների մեխանիկայի գինն ու արժեքը. մեծ քաղաքականության մեջ որևէ մեկին փաստացի հանձնվելն ուղղակի աններելի հիմարություն կլիներ:
Ի դեպ՝ նկատենք, որ Ռուսաստանը միակ աշխարհաքաղաքական բևեռը չէ, որ փորձելով Հայաստանը պահել իր ազդեցության ծիրից ներս՝ հերթական անգամ շահարկում է անվտանգության թեման. միառժամանակ առաջ՝ Արևմուտքից ևս համապատասխան նոտաներ էին հնչում, որոնք ոչ պակաս տհաճ էին հնչում: Հայաստանը փաստացի հայտնվել է մի իրավիճակում, երբ ցանկացած անզգույշ քայլ կարող է իսկական ողբերգության վերածվել մեր երկրի համար. այս վիճակը պարզ թուլության արդյունք է, ինչն իրո՛ք ցավալի է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ