Ո՞ւմ են փորձում խաբել
ՎերլուծականՀայաստանում, ինչպես հայտնի է, առաջիկայում ներդրվելու է բիզնես-օմբուդսմանի ինստիտուտը, որը, եթե հավատալու լինենք գոնե դեկլարատիվ բնույթ կրող հայտարարություններին, կոչված է լինելու պաշտպանելու առավելապես հենց ՓՄՁ-ների ոտնահարված իրավունքները և, առհասարակ, բոլոր նրանց շահերն, ովքեր կզգան ոտնձգություն սեփական բիզնես իրավունքների նկատմամբ: Նկատենք, որ այս ինստիտուտի հիմնադրման մեջ մեծապես շահագրգռված է Արևմուտքը. Կառավարության աշխատակազմի եւ Եվրոբանկի փորձագետների համատեղ ուժերով է մշակվել «Գործարար շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծը` ստեղծելով օրենսդրական հիմք՝ Հայաստանում համապատասխան ինստիտուտի հիմնադրման համար:
Հարց է ծագում, սակայն, բիզնես-օմբուդսմանի ինստիտուտի ներդրումը Հայաստանում որքանո՞վ կարող է էֆեկտիվ լինել ու իրապես ծառայել այն նպատակներին, որոնց մասին բարձրաձայնվում է: Իրականում այս հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է հաշվի առնել 2 բան` այն ռեալներոը, որոնք բնորոշ են մեր իրականությանն ու նմանօրինակ կառույցների՝ ասենք՝ նույն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ու ՏՄՊՊՀ-ի կուտակած փորձը: Ակնհայտ է, որ նույն ՏՄՊՊՀ-ն, որ իր գործառույթներով չափազանց մոտ է գտնվում բիզնես-օմբուդսմանի ունեցած ֆունկցիաներին, խիստ կասկածելի արդյունավետությամբ մարմնի է վերածվել մեզանում իր ստեղծման առաջին իսկ օրվանից. մանրադիտակ հարկավոր չէ՝ տեսնելու այն ընտրողական վերաբերմունքն ու գործելաոճը, որ հատուկ է այս մարմնին: Ինչո՞վ է նույն ՏՄՊՊՀ-ն նպաստել, ասենք, Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, ինչո՞վ է սահմանափակել նույն օլիգարխների ուռճացված իրավունքներն ու կանխել կամայականությունները… Հետևաբար` կարծել, թե բիզնես-օմբուդսմանը հեղափոխություն է մտցնելու, եղանակ է ստեղծելու կամ ստիպելու է հանրահայտ օլիգարխներին հաշվի նստել իր հետ, պարզունակ միամտություն կլիներ: Ավելին` նույնիսկ մեծ է վտանգն այն բանի, որ այդ կառույցը կսկսի զբաղվել առավելապես խոշորների շահերի պաշտպանությամբ, քան նույն ՓՄՁ-ների` դառնալով այսպիսով հավելյալ գործիք՝ նույն խոշորների ու նրանց հովանավորողների ձեռքին:
Նկատենք,սակայն,որ նույն բիզնես-օմբուդսմենը կարող է նաև յուրատեսակ գործիք դառնալ իշխանությունների ձեռքին այս անգամ արդեն ինքնուրույնության նշույլներ դրսևորող խոշորներին նրբորեն հնազանդեցնլու համար (զուտ տեսականորեն նման բաներն ամենևին էլ բացառված չեն): Ինչ էլ լինի,սակայն, անկասկած է, որ բիզնես-օմբուդսմենից համապատասխան սպասելիքներ ունենալ հասարակությունը չի կարող. որևիցե դրական փորձ երկիրն ուղղակի չունի,ինչը նշանակում է,որ այն դառնալու է հերթական ձևական կառույցը մեզանում`Հայաստանն Արևմուտքին որպես անդկովկասյան ժողովրդավարության կղզյակ մատուցելուն միտված. ոչ ոք չի կտրի այն ճյուղը,որի վրա նստած է ինքը:
Այս հարցը,սակայն,մեկ այլ կողմ էլ կարող է ունենալ` քաղաքական: Օրենքի նախագծով բիզնես օմբուդսմենին տրված լիազորությունները էական նշանակություն կարող են ունենալ բիզնեսին մասնավորապես հարկային կամայականություններից պաշտպանելու գործում,ինչը հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքկան որոշակի ռեալներ, կարող է այս ինստիտուտը վերածել գերքաղաքականացված կառույցի`դառնալով ներիշխանական պայքարում հարմար գործիք (չնայած դժվար թե բանը հասնի դրան,բայց այն որ նման պոտենցիալ այս ինստիտուտն իր մեջ ունի,անվիճելի է):
Ինչ էլ լինի,սակայն, ակնհայտ է,որ որևիցե իրական հույս կապելն այս կառույցի հետ ուղղակի անիմաստ է. այն խաղի կանոնները,որոնք գործում են Հայաստանում բիզնես-օմբուդսմենը չէ,որ պետք է փոխի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ