Մնում է ընդամենը հիմնավորել...
АналитическийԱՎԾ կողմից պարբերաբար հրապարակվող վիճակագրական տվյալները, ինչ խոսք, երբևիցե աչքի չեն ընկել իրենց օբյեկտիվությամբ. մենք բնավ էլ Դանիա չենք ու եթե ԱՎԾ-ն սկսի անկեղծանալ, հասկանալի է, թե ինչ իրական պատկերի կարող ենք ականատես դառնալ՝ ուղղակի սարսափելի:
Օրերս նույն ԱՎԾ-ն հանդես է եկել հերթական թարմացված վիճակագրությամբ, ուր փորձել է թվերի միջոցով արտահայտել տնտեսության իրական վիճակը: Վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2017թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում երկրում ընդհանուր տնտեսական ակտիվությունը կազմել է 6.2%. առաջընթաց է գրանցվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը՝ 12․7%, առևտուրը՝ 12․2%, ծառայությունների ոլորտը՝ 11․8%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26%: Ճիշտ է՝ հասարակ մարդկանց մի փոքր դժվար կլինի կոնկրետ քննության առարկա դարձնել ներկայացված թվերը, սակայն անկասկած է, որ գոնե վիզուալ առումով դրանք չափազանց էսթետիկ են թվում. հաճելի է թեկուզ երևակայել, որ Հայաստանն առաջ է շարժվում: Սակայն այս ամենի ամբողջ հմայքը կայանում է նրանում, որ առաջընթացն իրականում որևիցե որակական փոփոխության չի հանգեցնում հասարակ մարդկանց կյանքում. նույն աղքատն ենք, նույն կարիքավորը, նույն արտագաղթողն ու ոտնահարված իրավունքներով քաղաքացիները: Այսինքն՝ պետությունը խնդիր ունի ոչ միայն գեղեցիկ թվեր նկարելու, այլև դրանք համոզիչ դարձնելու:
Ինչևիցե, նույնիսկ եթե զուտ տեսականորեն էլ ենթադրենք, որ ներկայացված թվերը կատարյալ ճշմարտություն են, ապա դրանից հարցերի քանակը բացարձակապես չի նվազի, իսկ անհանգստություններն էլ չեն պակասի: Բանն այն է, որ ներկայացված թվերը վկայում են տնտեսության լճացվածության մասին ու իրենց հիմքում չունեն իրական պրոգրեսիա:
Ի՞նչ է սա նշանակում:
Սա նաշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը որևիցե կառուցվածքային բարեփոխման չի ենթարկվել, իսկ առաջընթացն էլ հնարավոր է եղել ապահովել բացառապես դրական իներցիայի արդյունքում: Դիցուք՝ արդյունաբերությունը հիմնականում աճում է հանքարդյունաբերության հաշվին, առևտրի աճը պայմանավորված է փոխանցվող տրանսվերներով և այսպես շարունակ: Այսինքն՝ ոչ մի նոր բան տնտեսությունում ի հայտ չի եկել այս ընթացքում, ոչ մի նոր ճյուղ չի զարգացել, այսինքն՝ ոչինչ չի փոխվել մեր կյանքում: Փաստացի կամ ընդամենը թվերով պատկերված աճը կրում է իներցիոն բնույթ:
Անկասկած է, որ նման տեմպերով առաջ գնալու պարագայում, եթե նույնիսկ այդ առաջընթացն իրական էլ լինի, Հայաստանի զարգացումը կրելու է խիստ սահմանափակ բնույթ, քանի որ տնտեսությունը զարգանում է նախևառաջ կառուցվածքային բարեփոխումների դեպքում, նոր եկամտաբեր ոլորտներ հայտնաբերելու ու դրանցում ներդրումներ կատարելու պարագայում: Հետևաբար՝ ԱՎԾ տվյալները պետք է ոչ թե մխիթարեն կամ ուրախացնեն, այլ լրջագույն մտորումների առիթ տան: Այսպես առաջ չենք գնա:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ