«ՀԺ». ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տարբեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով
Հայկական Մամուլ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով ԼՂ կարգավորման հարցը, ասել է, որ առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ոչ խաղաղություն, ոչ հանգիստ: Ոչ ավել, ոչ պակաս, նա առաջարկել է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը:
«Պետք է միասին հավաքվել և լուծում փնտրել, որը կբավարարի բոլոր կողմերին, և իմ կարծիքով նման լուծում կա: Դժբախտությունն այն է, որ մի շարք մարդիկ ավելի շատ մտածում են օգուտի ու շահույթի մասին, այլ ոչ թե լուծում են փնտրում»,- ասել է Զյուգանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է կիրառել տարբեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը: Հարցազրույցում Զյուգանովը հիշել է բանակում իր ծառայակիցների մասին, ովքեր ներկայացրել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդներին, և նրանց հետ կառուցված բարիդրացիական հարաբերությունների մասին՝ չնայած ազգային տարբերություններին:
Հիշեցնենք, որ 1921թ. հուլիսի 5-ին, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կավբյուրոյի նիստի որոշմամբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: Այդ որոշումը պատճառաբանում էր Ադրբեջանի հետ լայն տնտեսական հարցերի առկայությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: