Տիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող
ՍպորտԵրևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղի ունեցավ Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի փակման արարողությունը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Հարությունյանը, ով մրցաշարի 3-րդ տուրից սկսած միանձնյա գլխավորում էր աղյուսակը:
Բարձրագույն խմբի մյուս երկու ուղեգրերի համար ընթանում էր անզիջում պայքար. վերջին տուրից առաջ միանգամից 5 շախմատիստ՝ Մանուէլ Պետրոսյանը, Նորայր Թորոսյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը և Արամ Հակոբյանը, հնարավորություն ունեին գրավելու 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Համաձայն վիճակահանության՝ 5 թեկնածուներից չորսը մրցում էին միմյանց դեմ. Արամ Հակոբյանը՝ Մանուէլ Պետրոսյանի, իսկ Դավիթ Շահինյանը՝ Նորայր Թորոսյանի:
Վերջին տուրում Շանթ Սարգսյանի մրցակիցն էր Հովիկ Հայրապետյանը: Նյարդերի պայքարում ուժեղ գտնվեցին Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Սարգսյանը առավելության հասավ Հովիկ Հայրապետյանի նկատմամբ, իսկ Մանուէլ Պետրոսյանը դժվար պայքարում կարողացավ հասնել իրեն ձեռնտու ոչ-ոքի արդյունքի, ինչի շնորհիվ զբաղեցրեց 2-դր հորիզոնականը: Նորայր Թորոսյան– Դավիթ Շահինյան պարտիան ավարտվեց հաշտությամբ, և երկուսն էլ մնացին առանց բաղձալի ուղեգրերի. Թորոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Շահինյանը՝ 6-րդ: