Մարդիկ Բաթումի գնալու փոխարեն կգան «Հրազդան» մարզադաշտ․ Աղաբաբյան
ОбществоԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություններ կան «Հրազդան» մարզադաշտի հետ կապված, վերջինս էլ ասաց՝ քանի որ մարզադաշտն առանց աշխատելու եկամտաբեր չէ ու տարածքը պահելը շատ դժվար է, դրա համար՝ որոշակի միջոցառումներ են ձեռնարկում։
«Ընկերներիցս մեկը գաղափար տվեց՝ պահպանելով մարզադաշտի սպորտային ուղղվածությունը, ժամանցի համալիր կառուցենք։ Հայաստանում լողավազանները շատ քիչ են, իսկ պահանջը՝ շատ մեծ։ Եթե ֆուտբոլ չեն խաղալու, մի քանի տեսակի լողավազաններ կառուցենք, ունենանք ամառային վոլեյբոլի, ամառային ավազե ֆուտբոլի դաշտեր։ Ինձ թվում է՝ մեծ թվով մարդիկ կայցելեն, մարզադաշտն էլ գումար կաշխատի և կսկսի ինքն իր պարտքերը փակել»,- ասաց նախկին պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարզադաշտը կվերածվի հանգստի մեծ գոտու և մարդիկ Բաթումի գնալու փոխարեն՝ կգնան «Հրազդան» մարզադաշտ։
«Հրազդան» մարզադաշտը ոտքի կանգնեցնելու համար ներդրողներ չկա՞ն հարցին ի պատասխան՝ Աղաբաբյանն ասաց, որ իրենք փնտրում են ներդրողներ, եթե հայտնվեն, մարզադաշտի՝ իրենց բաժնեմասից կվաճառեն և գումարը նորից կծախսեն մարզադաշտի վրա։
Անդրադառնալով իր սննկացման մասին լուրերին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ հոգեպես սնվող մարդը չի սննկանում․ «Ես չեմ սննկացել, սննկացել է հիմնարկը, «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն, որովհետև խաղեր չկան։ Մենք Թուրքիայի խաղի ժամանակ վարկով ահագին գումարներ վերցրինք, մոտ 30-40%-ը մարել ենք, մյուս մասը չենք կարողանում վճարել։ Հիմնարկը ֆինանսական աղբյուր չունի, իսկ մի բան որ չի աշխատում, փտում է։ Ես չեմ սննկացել, ես տղա, աղջիկներ ունեմ, այնպես չի, որ ինձ պահող է պետք»,- խոսքը եզրափակեց Աղաբաբյանը։
Հ․Գ․ Նախկին պատգամավորն այս անգամ կիրագործի իր ցանկությունները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Սակայն փաստենք, որ նրա ցանկությունները կարծեք թե այդպես էլ մնում են ուղղակի ցանկություններ։ Ասածիս վառ օրինակն է այս տարվա ապրիլ ամսին տարածած հայտարարությունը, որտեղ Աշոտ Աղաբաբյանը նշում էր, որ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակվել է մի նախագիծ, ըստ որի՝ «Հրազդան» տոնավաճառում բացվել է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ տոնավաճառ։ Սակայն այսօր տոնավառը կրկին դատարկ է։
Սոնա Հարությունյան