Այո՛, հե՛նց ըտենց
ПравоԱյսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր»-ից 18-ի քրեական գործի քննությունը: Նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ մի քանի պաշտպաններ բացակայում են, այդ թվում՝ Դավիթ Գյուրջյանն ու Մուշեղ Շուշանյանը:
Պաշտպանները հայտնեցին, որ նրանք դատարանի շենքում են, և չեն կարող ներկայանալ նիստին, որովհետև հրաժարվում են կատարել դատական կարգադրիչների անօրինական պահանջները և չեն թույլատրում զննել իրենց պայուսակները:
Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ կարգադրիչներն անօրինական պահանջ են ներկայացնում. «Ի՞նչ է, որ կարգադրիչներն ասեն՝ հատակը պիտի մաքրեք, պիտի մաքրե՞ն»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նախապատրաստական փուլ է, և ինքը կարող է նիստը շարունակել առանց պաշտպանների. «Եթե մյուս նիստին ցանկանան, մենք կկրկնենք»,-ասաց դատավորն ու անցավ մեղադրող դատախազների բացարկի հարցը քննարկելուն:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատավորրին հարց ուղղեց՝ դատավորը քանի՞ անգամ է պատրաստվում նախապատրաստական փուլ անցկացնել. «Նույն բանը տասը անգամ պիտի անե՞ք»:
«Այո՛, հենց ըտենց»,-պաշտպանի հարցին ի պատասխան՝ ասաց դատավորը:
Պաշտպանները միջնորդություն ներկայացրին ամբաստանյալների ու պաշտպանների ներկայությունն ապահովել, որպեսզի լսեն նրանց կարծիքը դատախազների բացարկի մասին, ինչը դատարանը քննության չառավ:
Ներկա պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ: