Ապագայի վարչապետն ունենալու է այլ լիազորություններ
PoliticalԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին ի պատասխան՝ ո՞վ է լինելու երկրի վարչապետը 2018 թվականին, նշեց. «Ժամանակը կգա, կքննարկենք»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք, որ հենց վարչապետ Կարեն Կարապետյանն էլ դառնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Շարմազանովը պատասխանեց. «Էսօրվա և 2018-ի վարչապետի ֆունկցիաները տարբեր են լինելու։ Այսօրվա վարչապետը չունի արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, անվտանգությանն առնչվող որևէ ֆունկցիա։ Իսկ ապագա վարչապետը, որը լինելու է արդեն խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ, ունենալու է այլ լիազորություններ»:
Հիշեցնենք, որ Շարմազանովն այսօր անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարությանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն գոհ է Կառավարության գործունեությունից՝ շեշտադրելով Կառավարության արձանագրած տնտեսական աճն ու տնտեսության զարգացման՝ իր իսկ խոսքերով՝ դրական դինամիկան: