Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին
PoliticalՍեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը բազմիցս է միջազգային հարթակներում դատապարտել ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բռնությունները, բարձրաձայնել Իրաքում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային ու կրոնական, ներառյալ քրիստոնեական փոքրամասնությունների առջև ծառացած հիմնախնդիրները և իր նպաստն է բերում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերին:
Այս համատեքստում արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանի հինավուրց համայնքներից մեկի` իրաքահայության, նրա մշակութային, կրոնական ու համայնքային հաստատությունների պահպանությունը: Նա բարձր է գնահատել կենտրոնական ու շրջանային իշխանությունների արժեքավոր օժանդակությունը Քիրքուկում և Էրբիլում հայկական եկեղեցիների կառուցմանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին շրջանում Իրաքի տարածքի մեծ մասը ԴԱԻՇ-ից ազատագրելու կապակցությամբ՝ ընդգծելով դրա էական նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերահաստատման գործում:
Իրաքի Վակֆի քարտուղարության ղեկավարը և իրաքյան կրոնական փոքրամասնությունների առաջնորդներն անդրադարձել են երկրում տիրող իրավիճակին, ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսություններին, համայնքներին հուզող խնդիրներին, իրաքյան կառավարության և միջազգային հանրության կողմից դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի ազգային ու կրոնական ժառանգության պահպանումը և հանդուրժողականության ու համակեցության ավանդույթների վերականգնումը: