Ամենակախյալը՝ անկախների մեջ...
ՎերլուծականԱնկախության քառորդ դարը սոսկ երգ ու պարի, փուչիկների, հրավառության առիթ չէ, ոչ էլ դեմքերը եռագույնով ներկած ծիծաղկոտ մանկան հուսավառ աչքեր: Այն առաջին հերթին անկախության ձեռքբերումների ու կորուստների ռացիոնալ գնահատման, նոր ախտորոշումների, վերաարժևորման պարտադիր պահանջ է՝ հետագա ընթացքի որոշարկման, եղած ու լինելիք ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարը գտնելու համար: Ի՞նչ ենք արժեքային առումով կորցրել ու ձեռք բերել այս 25 տարիներին, ինչպե՞ս ենք այն տնօրինել, ինչքանո՞վ ենք հավատարիմ մնացել այն իդեալներին, որոնք 1991թ. սեպտեմբերի 21-ին մեզ առջնորդում էին դեպի ճակատագրական հանրաքվե: Այսօր մեր պետության առանցքային լծակներին տիրապետում են նրանք, ովքեր չեն գիտակցում անկախության գինն ու արժեքը: Մի բան այնպես չէ ընթացել այս 26 տարիների ընթացքում, եթե անկախության հանրաքվեին այո ասելու համար ընտանիքներով շտապող մեր հայրենակիցների մեծ մասը նույն այդ ընտանիքներով հեռացել է երկրից ու ապրում է օտար ափերում: Մի բան այնպես չէ, եթե խորհրդային բարքեր չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչն իրեն պահում է ամենամոլի կոմերիտականի պես, մի բան այնպես չէ, եթե պաշտոնական տվյալներով՝ բնակչության 33 տոկոսից ավելին, իսկ իրականում՝ շատ ավելի շատ մարդիկ ապրում են աղքատության շեմից այն կողմ: Մի բան այնպես չէ, եթե 26 տարիների ընթացքում հասարակությունը այդպես էլ հնարավորություն չունեցավ ազատ կամաարտահայտվել ընտրությունների ժամանակ: Իրականում, անկախ Հայաստանը ամենակախյալն է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների շարքում: Իսկ պատճառը նրանում է, որ մենք այդպես էլ չունեցանք անկախության արժեքը, գինը իմացող և գնահատող կառավարող էլիտա: Մենք չկարողացանք հասնել նրան, որ մեր երկրում բացարձակ արժեք համարվի մարդը: Այնինչ՝ պետք է հիշել, որ անկախության արժեքը ոչ թե դրոշն է, հիմնը եւ զինանշանը, այլ առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացին: Իսկ այդ քաղաքացին իրեն այսօր օտար և ավելորդ է զգում սեփական երկրում: Ահա թե ինչին ենք մենք հասել անկախության այս 26 տարիների ընթացքում՝ օտարության՝ սեփական հայրենիքում:
Ումի՞ց կամ ինչի՞ց ենք մենք անկախացել, եթե դատավորներն ուղղակի հրամաններ են կատարում, հայ պաշտոնյաները նշանակվում են դրսից, առևտուր կարող ենք անել միայն նրանց հետ, ում հավանության կտա «մեծ եղբայրը», մշակութային ցուցահանդեսները պետք է լինեն «մեծ եղբոր» սրտով, իսկ հայկական դպրոցներում լեզուների դասավանդումը պետք է համաձայնեցված լինի այլ պետությունների հետ: Սա անկախություն չէ, սա խայտառակություն է, և իրավիճակը կարող է շտկել միայն անկախության սերունդը: Հենց այս սերունդն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը մեր պետության ներկայի և ապագայի համար: Անկախության սերունդն է, որ պետք է նոր որակ ձևավորի ինչպես իշխանության մեջ, այնպես էլ ընդդիմության, նոր քաղաքական օրակարգ առաջ քաշի, նոր մոտեցումներ, որոնք իրապես հարիր կլինեն անկախության ոգուն: Միայն նոր որակների առկայության դեպքում կկարողանանք կերտել նոր Հայաստան: Հայաստանի բնակչությունն անկախության տարբեր ընկալումներ ունի։ Մի մասը բաժակաճառային մոտեցման կողմնակից է, սակայն հոգով–սրտով՝ հակաանկախական։ Մյուս մասն անտարբեր է և ապրում է պետությունից անկախ (այս շերտը մեծամասնություն է կազմում)։ Եվ միայն փոքրաթիվ զանգվածն է պատրաստ պայքարել հանուն անկախության ու զարգացման։ Խնդիրն, ուրեմն, այդ փոքրաթիվ զանգվածի հաղթանակն ապահովելն է։ Արժանապատվություն ունեցող և Հայաստանի ապագայով մտահոգ ամեն մի քաղաքացու կարգախոսներն, ըստ այդմ, պետք է լինեն «Ով, եթե ոչ ես»–ն ու «Երբ, եթե ոչ հիմա»–ն։ Անկախության համար պայքարը ոչ թե ավարտվել է, այլ նոր է սկսվում։ Այն չի էլ կանգնելու։ Անկախությունը գին ունի, և պետք է վճարել, ընդ որում՝ կանխիկ և անընդհատ։ Գինն այդ՝ պայքարն ու հաղթանակն է։
Ստելլա Խաչատրյան