Կատալոնիայի ղեկավարը կձերբակալվի՞. La Vanguardia
ԱշխարհԻսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան չի բացառել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման հնարավորությունը:
Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է La Vanguardia թերթը:
«Դատախազությունը համոզված է, որ Պուչդեմոնը մասնակից է այն հանցագործություններին, որոնք վերաբերում են իշխանությունների չենթարկվելուն, ունեցվածքի վատնումներին եւ չարաշահումներին»,-գլխավոր դատախազի խոսքը մեջբերում է հրատարակությունը:
«Վատնումների համար Պուչդեմոնին կալանքի ենթարկելու հնարավորությունը պահպանվում է»,-հավելել է Մասան:
Սեպտեմբերի 20-ին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան մի շարք խուզարկություններ է անցկացրել Բարսելոնայում եւ ինքնավարության տարածքի այլ բնակավայրերում: Ձերբակալվել են 12 հոգի, այդ թվում՝ Կատալոնիայի տնտեսական եւ հարկային գերատեսչությունների ղեկավարները, մի շարք դեպարտամենտների աշխատակիցներ: Նրանցից մի քանիսին հետագայում ազատ են արձակել: Քաղաքացիական գվարդիան նաեւ առգրավել է մոտավորապես 10 մլն քվեարթերթիկ, որոնք նախատեսված էին անկախության հանրաքվեում քվեարկելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: