Եթե բռունցքներով հարձակվեի՝ առնվազն հիվանդանոցում կհայտնվեր. Արտաշես Գեղամյան
ПолитическиеԱրտաշես Գեղամյանը հերքում է Նիկոլ Փաշինյանի վրա բռունցքներով հարձակվելու մասին տեղեկատվությունը.
«Եթե ես որևէ մեկի վրա բռունցքներով հարձակվեի, նա, առնվազն, հիվանդանոցում պառկած կլիներ, որովհետև երեքուկես տարի զբաղվել եմ բռնցքամարտով: Եթե բախում լիներ իմ և ձեր հիշատակած անձնավորության միջև, ապա նա այստեղ չէր լինի»,-լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Արտաշես Գեղամյանը՝ հրաժարվելով տալ Նիկոլ Փաշինյանի անունը, քանի որ այդ անունը հնչեցնելն իր համար տհաճ է:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմքի վրա այտուց կար, դեմքն էլ կարմրած էր, Գեղամյանը պատասխանեց, «Ես կռված մարդու տեսք ունե՞մ, երևի ամոթից է կարմրել, խիղճը տանջել է»:
Արտաշես Գեղամյանը նշեց սակայն, որ եթե երկու տղամարդ իրար հետ վիճում են, պետք է տղամարդավարի համարժեք պատասխան տալ միմյանց, ոչ թե շտապել այդ մասին հայտարարել համացանցով:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։
«Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»,-սոցցանցի իր էջում գրել էր Փաշինյանը։