Վրաստանի մի շարք կառույցներ համատեղ հայտարարություն են ընդունել Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ՎրաստանՎրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը համատեղ հայտարարություն են ընդունել Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմից, հայտարարության մեջ նշված է. «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև:
Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:
Եկեղեցում, 2015 թվականից Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ: Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ՝ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց:
Տաճարի հիմնադրման մասին տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացություն առաջացրեց ազգաբնակչության շրջանում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի և այն համարվում է վրացական:
Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր և այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը:
Վրաստանի Պատրիարքարանում կայացավ հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչերի միջև:
Հանդիպման մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ ծագած հարցերը քննարկել և որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ խնդիրը, իրավական ու կրոնական հարթությունից բացի, ունի նաև բարոյական մեծ նշանակություն, և ընդունվող որոշումները կլինեն իրավիճակի խաղաղ կարգավորման բարի օրինակ:
Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է և սադրանքը՝ անթույլատրելի: Հորդորում ենք բոլորին՝ պահպանել հազարամյակների ընթացքում ձևավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերել հեռատեսություն և առաջացած հարցերը լուծել օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով»:
Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Բնակիչների և ոստիկանների միջև լարվածությունն աճել է՝ վերածվելով ծեծկռտուքի: