Հետաքրքիր էքսկուրսիա՝ «Հայֆիլմ»-ում. լուսանկարներ
НКՀամո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիայի հյուրերը Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ 166 հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիներն են:
«Երբ սկսեցինք ուսումնասիրել հուշեր կինոռեժիսորի և կինոդերասանի մասին, իմ կողմից եղավ առաջարկ լինել այս կինոստուդիայում, տեսնել և զգալ այն ամենն, ինչի մասին իրենք կարդում են, շրջել այն սենյակներում, որտեղ ժամանակին շրջել են մեր մեծերը: Եվ չեք պատկերացնի՝ որքան մեծ էր ուրախությունս, երբ դասարանի բոլոր աշակերտները միաձայն համաձայնություն տվեցին իմ առաջարկին»,-ասաց աշակերտների մայրենիի ուսուցչուհին՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրինությանն ու աշխատակիցներին, ովքեր մեծ սիրով համաձայնեցին հյուրընկալել դպրոցականներին:
Կինոստուդիայի աշխատակիցները բացեցին հետաքրքասեր աշակերտների առաջ ստուդիայի բոլոր այն սենյակների դռները, որտեղ պահվում են տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմերում օգտագործված բազմաթիվ դեկորներ, ռեկվիզիտներ, պատմական ժամանակաշրջանին բնորոշ հագուստներ և ոչ միայն:
Երեխաները եղան նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանման ամենամեծ տաղավարում, իսկ աշխատակիցները նրանց ծանոթացրեցին տաղավարի տեխնիկական հնարավորություններին՝ հիշեցնելով նրանց այն ֆիլմերի անունները, որոնք նկարահանվել են հենց այդ տաղավարում:
Մեծ էր աշակերտների հիացմունքն ու ոգևորությունը, որն էլ ավելի էր մեծանում, երբ աշխատակիցները սիրով պատասխանում էին նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:
Ինչպե՞ս են նկարահանվում ֆիլմերն, ի՞նչ դեկորներ են օգտագործվում, ինչպիսի՞ հագուստներ են հագնում դերասաններն այս ու այլ բազմաթիվ հարցեր էին ուղղում աշխատակիցներին դպրոցականները՝ նրանց հիացնելով նաև Համո Բեկնազարյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին իրենց գիտելիքներով:
Եվ այսպես՝ Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիայի հետաքրքիր և տեղեկատվությամբ հարուստ էքսկուրսիան ներկայացնում ենք ստորև՝ լուսանկարներով: