ՀՀԿ-ական տնօրենների սաբոտաժը շարունակվում է
АналитическийՀայաստանի կրթական համակարգը հիվանդ է, քաղաքականացված է, օգտագործվում է իշխանությունների կողմից՝ իրենց խնդիրները լուծելու համար, ինչն արտահայտվեց վերջին համապետական ընտրությունների ժամանակ, երբ հանրությանը բազմաթիվ փաստեր ներկայացվեցին առ այն, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող՝ Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով, որոշ դեպքերում սպառնալով, որ ծնողները և ցուցակագրված այլ քաղաքացիներ պարտադիր քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:
Սրանով Հայաստանի իշխանությունները հանրակրթարաններում և բուհերում արտադրում են վախեցող մարդ, ով կոմպլեքսավորված է, վախեցած է՝ իր աշխատանքից զրկվելուց, դրա համար՝ կատարում է քաղաքական պատվեր: Կրթության որակը մեծապես տուժում է ոլորտի քաղաքականացված լինելու պատճառով: Ինչո՞ւ են դպրոցների տնօրենների մեծ մասը հանրապետական, ինչո՞ւ է Պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը Հանրապետության Նախագահը: Դպրոցի տնօրենը, ով դպրոցում կրթության որակի պատասխանատուն է, սովորաբար տանջվում է ՝ ինչպես հաճոյանալ վերեւին, եւ դա շատ անգամ լինում է կրթության որակի հաշվին, և սա ուղղակի խորտակում է կրթության հաջողությունները: Նախարար Լևոն Մկրտչյանն այս ամենի մասին քաջատեղյակ է, սակայն արդյո՞ք նա տիրապետում է այն մեխանիզմներին, որոնք թույլ կտային կանխել կրթական ոլորտի քաղաքականացումը: Թերևս՝ ոչ: Նախարարը գուցե և ցանկանում է դա, աշխատում է այդ ուղղությամբ ուժերի ներածին չափով, սակայն ի՞նչ ուժ ունեն նրա իջեցրած շրջաբերականներն այն տնօրենների, ուսուցիչների և ռեկտորների համար, ովքեր ենթարկվում են իրենց կուսակցություններից եկած շրջաբերականներին՝ բացահայտ սաբոտաժի ենթարկելով նախարարի որոշումները և պահանջները: Լևոն Մկրտչյանը, իբրև կրթության նախարար, այսօր անզոր է համապետական այդ մեքենայի դեմ, որի միակ նպատակն՝ ամեն գնով ՝ այդ թվում՝ կրթության որակը վտանգելով, իշխանությունը պահպանելն է:
Ստելլա Խաչատրյան