Տուլայում ազատազրկված հայ վարորդը հնարավոր է ազատ արձակվի
ՀասարակությունՏուլայում 2015թ. նոյեմբերին հայկական ավտոբուսի վթարի գործը Վճռաբեկը հետ է ուղարկել առաջին ատյան՝ նոր դատավճիռ կայացնելու համար:
4.5 տարվա ազատազրկման դատապարտված Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնել է, որ նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին:
«Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի եւ Գառնիկ Հարությունյանը ազատ կարձակվի»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց չկա, բողոք չունեն նաեւ վթարի հետեւանքով մահացած ուղեւորների հարազատներն ու վնասվածքներ ստացած ուղեւորները: Դեռեւս հայտնի չէ, թե դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո որտեղ Գառնիկ Հարությունյանը կկրի պատիժը: Ի սկզբանե, տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան:
Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: