Շիրխանյանի համար շտապօգնություն կանչեցին դատարան
RightԵրևանի Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 13-ին, շարունակվում է Զինված խմբի գործով դատական նսիտը:
Նիստին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, անբաստանյալ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ մեջքի շրջանում ցավեր ունի՝ ընդգծելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից իրեն դատարան բերելիս երկու անգամ աստիճաններից գցել են. «Դատապարտյալների հիվանդանոցից սայլակով բերելիս երկու անգամ աստիճաններից ինձ գցեցին, որից հետո ցավեր առաջացան մեջքիս շրջանում»:
Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց շտապօգնություն հրավիրել դատարան, ինչը բավարարվեց:
Դատական նիստն ընդմիջվեց 30 րոպեով:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել և Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: