ՀՀԿ-ն կհայտնվի իր իսկ փորած փոսի մեջ
Аналитический«Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» նոր օրենքի նախագծով «Կամավորին և կամավոր աշխատանք կատարող անհատին կամ խմբին արգելվում է ներգրավել քաղաքական կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և գործատուների միությունների օգտին...»։ Ինչ խոսք, այս օրենքի նախագիծը վստահ կարելի է համարել Դավիթ Հարությունյանի մտքի գոհարներից ամենավեհը, քանի որ նախարարին գրչի մեկ շարժումով հաջողվել է լուծել իշխանության երկար տարիների գլխացավանքը՝ ամայացնել քաղաքական դաշտը: Իշխանություններն էլ իհարկե ձեռքները ծալած չեն նստել, օրինակ՝ բոլոր հնարավոր և անհնարին թվացող պատճառաբանություններով կրճատել են կուսակցությունների պետական ֆինանսավորումը, գործարարները, ովքեր ցանկություն են հայտնում ֆինանսապես սնուցել քաղաքական ուժերին՝ հատկապես ընդդիմադիր, ինչ-ինչ պատճառներով հայտնվում են սննկացման եզրին:
Հիմա էլ արգելվում է կուսակցությունների օգտին կամավորական աշխատանքներ տանել: Դավիթ Հարությունյանին թերևս մեկ հարց ուղղենք՝ կուսակցություններում անդամակցելն ու նրանց համար աշխատելը եթե կամավոր չի թույլատրվում, պիտի բռնի ուժո՞վ, պարտադրանքո՞վ լինի: Այսինքն, քաղաքացիները պետք է հրաժարվեն իրենց գաղափարներից և մի կողմ քաշվեն՝ հեռու մնալով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից: Ձևավորման սաղմնային փուլում գտնվող քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու ավելի լավ և օրինական տարբերակ անգամ դժվար է մտածել: Դավիթ Հարությունյանը նախատեսում է մի վերջին ու ոչնչացնող հարված հասցնել բոլոր այն հասարակական միավորներին, որոնց գործունեությունը խարսխվում է քաղաքացիների ակտիվ աջակցության վրա: Ի դեպ, օրենքով չի արգելվում կամավորներին աշխատել քրեական խմբավորումների համար, ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզող, ազգայնամոլական կազմակերպությունների համար: Իսկ սա նշանակում է, երբ նման օրինագծերով վերջնականապես տանջամահ արվի քաղաքական համակարգը, կանգ առնեն քաղաքական գործընթացները, մենք ականատես ենք լինելու լռիվ այլ պրոցեսների: Արդյո՞ք դրանք վերահսկելի կլինեն ՀՀԿ –ի կողմից, թե իշխող քաղաքական ուժը կընկնի իր իսկ փորած փոսը…
Ստելլա Խաչատրյան