Երևանի Մոնումենտ vs Նյու Յորքի Կենտրոնական պարկ
БлогосфераՌուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բնապահպան Կարինե Դանիելյանն էր ահազանգել, որ Երևանի Մոնումենտի այգում վերջին տարիներին մեծ թափով բարձրացող շքեղ դղյակները կառուցվում են սողանքավտանգ գոտում, և չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կքանդվեն: «Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան: Անձրևների պատճառով մի օր սողանքը կակտիվանա, և այդ տներն ուղղակի կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երևի ուզում են մեզ վերևից նայել»,- զգուշացրել էր Կարինե Դանիելյանը:
Իսկ Մոնումենտի երբեմնի խիտ անտառապատված այգին Երևանը փրկող այն մի քանի բացառիկ «թոքերից» էր, որոնք նպաստում էին, որ քաղաքի միկրոկլիման վերջնականապես չգնա անապատացման: Փաստենք, թերևս, որ այդ առումով «փրկվեց» Ծիծեռնակաբերդի այգին, այն էլ՝ հուշահամալիր լինելու հայտնի պատճառով, թե չէ հիմա այն նույնպես վաղուց արդեն ամբողջությամբ «դղյակապատված» կլիներ:
Ներկայացնելով Նյու Յորքի Կենտրոնական պարկի համայնապատկերը, ցանկանում ենք որոշ չափով համեմատություն անցկացնել: Central Park-ը հիմնադրվել է դեռևս 1853 թվականին Նյու Յորքի Մանհեթեն կղզի-թաղամասում, և այժմ այն ամենաճանաչելիներից է աշխարհում և նյույորքցիների իսկական հպարտանքն է հանդիսանում։ Պարկի երկարությունը մոտ 4 կմ է, լայնությունը՝ 800 մ, ընդհանուր մակերեսը՝ 3,41 քառ. կմ: Տարեկան պարկ է այցելում մոտ 25 միլիոն մարդ, և այցելությունների թվով այն առաջինն է ԱՄՆ-ում:
Չնայած Central Park-ի արտաքուստ բնական տեսքին, այնուամենայնիվ՝ նրա բոլոր լանդշաֆտները ձեռակերտ են: Պարկում կան արհեստական մի քանի լճեր, մեծ թվով ծառուղիներ, երկու սահադաշտ, վայրի բնության անկյուններ, մարգագետիններ, որոնք օգտագործվում են մարզական տարբեր միջոցառումների համար, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ և կենդանաբանական այգի: Եվ ամենակարևորը՝ Central Park-ի ողջ պատմության ընթացքում ոչ մի ամերիկացի օլիգարխի կամ պետական պաշտոնյայի մտքով անգամ երբևիցե չի անցել այս պարկի տարածքում կառուցել շքեղ առանձնատուն: