ՀՀ ԱԺ պատգամավորները դատապարտում են ուկրաինացի պատգամավորի դեմ մահափորձը
ՔաղաքականԱզգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խումբը դատապարտում է ուկրաինացի պատգամավոր Իգոր Մոսիչուկի նկատմամբ մահափորձը։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց՝ նշելով, որ հոկտեմբերի 25-ին մահափորձ է տեղի ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իգոր Մասիչուկի նկատմամբ։
«Խմբի և մեր գործընկերների անունից խստորեն դատապարտում ենք արարքը։ Կա մեկ վիրավոր և մեկ զոհ։ Մենք ցավակցում ենք զոհի ընտանիքին և հարազատներին»,-ընդգծեց Բեքարյանը:
Կարեն Բեքարյանը հայտնեց, որ Իգոր Մոսիչուկն այժմ գտնվում է հիվանդանոցում։ «Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարօրություն»,- եզրափակեց Բեքարյանը։
Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիչուկի դեմ մահափորձ է իրականացվել: Պատգամավորը գտնվում է հիվանդանոցում: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ մահափորձի հետևանքով կա նաև զոհ: