Ամերիկահայ մանկագիր Ֆիրա Ակյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշվեց համերգային ծրագրով
Наука и культураԱմերիկահայ մանկագիր, երգահան, տիկնիկագործ Ֆիրա Ակյանի ստեղծագործական մոլորակում գերիշխում է հայրենասիրության ոգին, հարգանքը ծնողի և քնքշանքը միմյանց, բնության և կենդանիների հանդեպ: Հեղինակի «Կյանքի անուրջներով» հեքիաթների և պատմվածքների եռահատոր ժողովածուի շնորհանդեսը և նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցան հոկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:
«Ֆիրա Ակյանը շատ հետաքրքիր մտածող է: Նա փորձում է ժամանակակից գաղափարները, մոտեցումները արդիականացված հեքիաթների վերածել: Շատ եմ հավանել նրա «Մառանը» հեքիաթաշարը: Այդ ստեղծագործության մեջ յուրաքանչյուր հայի մտքի վերաբերյալ բավականին լուրջ մոտեցում կա, որը շատ կհետաքրքրի մանուկներին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Ֆիրա Ակյանն ունի մանկականության զուլալ ըմբռնում, որը վառ արտահայտված է նրա գրքերում: «Նա իր հեքիաթներով, պատմվածքներով կարողանում է գերել թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Ձեռքբերում է, որ մեր օրերում Սփյուռքում, որտեղ գնալով քչանում են հայագիր գրողները, կա Ֆիրա Ակյան, ում սիրում են ու գնահատում»,-ասաց Միլիտոնյանը:
«Եթե մի օր բարության կարիք ունենաք, փնտրեք Ֆիրայի ընկերությունը, եթե մի օր ձեր սիրտը սիրո և ջերմ խոսքի կարիք զգա, գտեք նրան, եթե այս գորշ, տխուր իրականության մեջ ցանկանաք հեքիաթ հորինել, ընթերցեք Ֆիրա Ակյանի ստեղծագործությունները»,- նշեց Մշակույթի գործիչների հանրապետական խորհրդի նախագահ Աբգար Ափինյանը:
Նա հավելեց, որ հայ ժողովրդին անհրաժեշտ են բարության ջահակիրներ, ինչպիսին Ֆիրա Ակյանն է: «Ես այս տաղանդաշատ գրողի գործերի ընթերցողն եմ, նրա երկրպագուն»,-եզրափակեց Ափինյանը:
«Հեքիաթներիս հերոսներին մարմնավորել եմ իմ ձեռքով պատրաստած շուրջ հիսուն տիկնիկներով: Հետագայում հեքիաթներս բեմադրելու նպատակով հերոսների համար գրել եմ երգեր: Ցանկանում եմ, որ երեխան ուղիղ կապի մեջ մտնի հերոսի հետ, տեսնի նրան, շոշափի, երգի նրա մասին գրված երգը: Օտար ափերում փորձում եմ փոքրիկներին օգնել սիրել և պահպանել հայոց լեզուն, գնահատել, հասկանալ հայ գիրքը, ընթերցանության արվեստը: Իմ մոլորակում գերիշխում է հայրենասիրության ոգին, հարգանքը ծնողի և քնքշանքը միմյանց, բնության և կենդանիների հանդեպ: Իմ ներուժը հավատն ու սերն են»,- այսպես է իր մասին խոսում Ֆիրա Ակյանը:
Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց համերգային ծրագիրը:
Հյուր էին եկել նաև այն երեխաները, ովքեր Ֆիրա Ակյանի ստեղծագործությունների ակտիվ ընթերցողներն են և ցանկանում էին ողջունել իրենց սիրելի հեքիաթների հեղինակին:
Միջոցառումը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության աջակցությամբ:
Ֆիրա Ակյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մանկական հոգեբանության բաժինը, այնուհետև՝ մարքսիզմ-լենինիզմ համալսարանի էսթետիկայի բաժինը: 30 տարի աշխատել է մանկավարժության բնագավառում: Նա 1995 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: