5 տոկոսանոց տնտեսական աճ է սպասվում
ՔաղաքականԱզգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում մեկնարկել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Կառավարության ղեկավարը համառոտ ներկայացրեց 2018թ.-ի բյուջեի ծախսերի կառուցվածքն ու ծախսային քաղաքականությունը: Վարչապետը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նպատակադրումները՝ 2018թ.-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ են կատարել. «Միջնաժամկետ հորիզոնում` հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայունության ապահովման հարցում»,-ասաց վարչապետը:
Վերջինիս խոսքով՝ վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքինից ներթափանցող բացասական ցնցումներով, ինչի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ` նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: «Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,-ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ 2018-ին կառավարությունը ծրագրել է բյուջե, որը հիմքեր կստեղծի ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։
«Բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի նշված ցուցանիշին հասնելու համար»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատել ստվերի կրճատման ուղղությամբ և քայլեր է ձեռնարկելու գործարար տնտեսության զարգացման ուղղությամբ։