Ի՞նչ նոր զենք ձեռք կբերվի Ռուսաստանի հետ կնքված նոր պայմանագրով
InterviewsՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում (200 մլն դոլար): Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո:
Անդրադառնալով Ռուսաստանից ձեռք բերվող զենք-զինամթերքին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը նշեց, որ զինամիջոցների թարմացում և ավելացում տեղի է ունենում պարբերաբար, և դա բնական երույթ է. «Դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ զենքերն օգտագործվում են և մաշվածություն են ձեռք բերում: Բանակը մշտապես համալրման, թարմացման խնդիր ունի: Եթե անգամ ռազմական գործողություններ չլինեն, միևնույն է՝ բանակի մարտունակությունը պահելու համար մշտապես զորավարժություններ են անցկացվում, որի ժամանակ զինամիջոցներ են օգտագործվում և զենքերը մաշվածություն են ձեռք բերում կամ ավելի արդյունավետ զենքեր են պետք լինում»,- ասաց նա՝ նկատելով, որ թեև նոր զենքեր գնելը պայմանավորված չէ ապրիլյան դեպքերով, սակայն բնականաբար՝ այդ դեպքերը մտահոգվելու առիթ տվեցին՝ ավելի լավ և նոր զինտեխնիկա ձեռքբերելու առումով:
Փարձագետը, սակայն, տեղյակ չէ, թե ինչ զենքերի մասին է խոսքը և կարծում է՝ պայմանագրով կկարգավորվի, թե զինամթերքի ինչ տեսակներ ու չափաքանակ է ձեռք բերվելու. «Նման պայմանագրերը նաև գաղտնիություն են պարունակում և եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ համապատասխան գերատեսչությունը դրա մասին կասի: Վերջիվերջո, տեղեկատվական դաշտով հակառակորդն է նաև ինֆորմացվում ու քանի որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, կարծում եմ՝ այդ մասին բարձրաձայնելը վաղ է»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ համապատասխան մարմինները զինամիջոցները ձեռք են բերում ըստ անհրաժեշտության:
Ինչ վերաբերում է Ռուսաստանից զենք-զինամթերք գնելուն, Եղիազարյանը նկատեց, որ Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, և, բնականաբար, ձեռք բերվող զենքերը կլինեն ռուսական:
Նշենք, որ համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:
Սոնա Հարությունյան