Քոբայրի վանքի սեղանատան վերանորոգումը շարունակվում է
Наука и культураՄիջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը՝ 12-րդ դարում կառուցված Քոբայրի վանքը, վերակառուցվում, վերաշինվում է: Վերջին տարիներին ամբողջությամբ վերականգնվել է Քոբայրավանքի զանգակատուն-տապանատունը: Ներկայումս վերակայման աշխատանքներ են տարվում վանքի սեղանատանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը և լրագրողները նոյեմբերի 11-ին եղել են Քոբայրավանքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
«Գործընթացը մեկնարկել են 2017-ի սեպտեմբերի 6-ին, պետք է ավարտվի 2017-ի նոյեմբերի 30-ին:
Այս տարի ներսից և դրսից նորոգվել է սեղանատան արևելյան ճակատը: Քիվի ներքևի հատվածը նույնպես վերաշինվում է: Ընդգծեմ, որ վերակառուցման ընթացքում նոր նյութերի միայն 15 տոկսոն ենք օգտագործել մնացյալը վանքինն է»- նշեց ճարտարապետ Գոռ Միքայելյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ գումարի սղության պատճառով այս տարի մասամբ է վերականգնվում վանքը, սակայն ամբողջական վերաշինման նախագիծ կա: Նախորդ տարիներին ամբողջությամբ վերակառուցվել է վանքի զանգակատունը: Այս տարի շարունակվում են սեղանատան աշխատանքները:
Նա շեշտեց, որ ամբողջ համալիրի վերականգնման գործընթացը սկսվել է 2006 թվականից: Զանգակատան վերականգնումն իրականացվել է 2011-2014 թվականներին, 2015-ից մեկնարկել են սեղանատան վերականգնման աշխատանքները:
2016-ից արվել են հետազոտական, նախագծման աշխատանքներ: Ուսումնասիրվել է ժայռը, եկեղեցու որմնանկարը, որն իտալացի մասնագետները վերականգնել են երեք տարի առաջ, ամրակայման աշխատանքներ են իրականացվել վանքի ողջ տարածքում:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ և՛ Սանահինում, և՛ Քոբայրավանքում ուշացումներ կան, բայց շինարարական որակի և արդյունավետության առումով Քոբայրի վանքում ավելի լավ պատկեր է. Սանահինում բացթողումները շատ են:
Նման իրավիճակը նորություն չէ, պարզապես այս տարի կարողացանք թափանցիկ և բաց հետևել աշխատանքներին: Կարծում եմ՝ սա լուրջ զսպող հանգամանք է բոլոր շինարարական ընկերությունների համար, որոնք մասնակցում են պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման աշխատանքներին: Նրանք հաջորդ տարի ավելի պատասխանատու կլինեն»,- շեշտեց Արմեն Ամիրյանը:
Նա ընդգծեց, որ պետք է շարունակել վերահսկողությունը և հաջորդ տարիների մրցույթների ժամկետներն ավելի շուտ հայտարարել, տարվա ընթացքում հետևողական լինել:
«Երեկ համապատասխան ստորաբաժանմանը ժողովի էի հրավիրել: Հստակ հանձնարարականներ տվեցի: Դրանց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 15-ին մրցույթի պայմանները, նախահաշիվնեը, ծավալաթերթերը պետք է պատրաստ լինեն: Ստորաբաժանումը պետք է ոչ միայն հետևի շինարարության ընթացքին, այլև մասնագիտական խորհուրդներով օգնի շինարարներին ժամանակին ավարտել գործը:
2018-ին պարտավոր ենք լավագույն ցուցանիշներն արձանագրել»,- եզրափակեց Ամիրյանը:
Մենաստանը գտնվում է Լոռու մարզում: Հիմնադրել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը 1171 թվականին:
Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի սկիզբ, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։