Ռուբեն Շուխյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա տարածքում կազմակերպված «Խավարում» ցուցահանդեսը՝ 2017 թվականի կարևոր իրադարձություններից էր, որը հայ հանրությանը ներկայացրեց Հայաստանում բոլշևիկյան բռնությունների անմեղ զոհերին, որոնց թվում էին նաև Թումանյանի չորս որդիներից՝ երեքը:

Այսօր շատ է խոսվում «Ազգ-բանակ» գաղափարի մասին, իսկ ահա Հովհաննես Թումանյանը դեռևս մեկ դար առաջ էր այդ ամենն ապացուցել իր անձնական օրինակով: 1917-ի դեկտեմբերին, երբ վտանգված էր հայենիքը, մինչ որոշ մարդիկ սեփական անձը կամ զավակներին ռազմի դաշտից հեռու պահելու համար դիմում էին ամեն հնարավոր միջոցների, Թումանյանն իր բոլոր երեխաներին նվիրեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Այդ օրերին Թումանյանը՝ Զորավարի Անդրանիկին ուղղված իր հայտնի նամակում գրում էր. «Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն»։

Մուշեղը՝ բանաստեղծի ավագ որդին էր, նա ծնվել էր 1889 թվականին: Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո՝ Մուշեղը սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում: Երբ սկսվում է 1-ին աշխարհամարտը՝ նա ընդունվում է սակրավորների ուսումնարան, որն ավարտելուց հետո զինվորական ծառայության է անցնում Ալեքսանդրապոլում (Գյումրի): 1916-ին հայ կամավորական ջոկատների կազմում մեկնում է սկզբում Իգդիր, հետո Դիադին՝ Բայազետի մոտ: Այս ընթացքում նա մեծ գործ է անում արևմտահայ բազմահազարանոց որբերին Երևանի նահանգ տեղափոխելու համար:

Պատերազմի ավարտից հետո Մուշեղը հաստատվում է Թիֆլիսում, անցնում ուսուցչության և գրում է այգեգործության վերաբերյալ գիտական աշխատանքներ: Նա ամուսնանում է լեհուհի Մարիա Սոկալսկայի հետ և ունենում երեք զավակ՝ Անահիտ, Նադեժդա և Վիգեն: 1937-ի նոյեմբերին բոլշևիկյան իշխանությունների կողմից Մուշեղ Թումանյանը անհիմն մեղադրանքով ձերբակալվում և աքսորվում է Սիբիր, որտեղ էլ և մեկ տարի անց զոհվում է: Մուշեղի որդին՝ Վիգենը, որը փաստացի հայ մեծ բանաստեղծի տոհմի միակ շարունակողն էր հանդիսանում, զոհվել է 2-րդ համաշխարհային պատերազմում, սովետա-գերմանական ռազմաճակատում՝ 1941-ի վերջին Մոսկվայի տակ մղվող մարտերի ընթացքում:

 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել