ՊԵԿ-ը պարզաբանում է հարկային մարմինների գործողությունները «Առինջ մոլում»
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ «Առինջ մոլ» առևտրային կենտրոնում հարկային մարմինները խուզարկություն չեն իրականացրել: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն այս մասին ասաց Ազգային ժողովում՝ արձագանքելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների դժգոհություններին: «Որևէ մեկն «Առինջ մոլ»-ում խուզարկություն չի իրականացրել»,-նշեց Միրումյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով «Առինջ մոլ» առևտրային կենտրոնում հարկային մարմինների գործողություններին՝ ընդգծեց, որ իրենք կատարել են օրենքով իրենց վերապահված լիազորությունները ու պարտականությունները: Վախթանգ Միրումյանը շեշտեց, որ «Առինջ մոլ»-ում գործունեություն ծավալող շատ տնտեսվարողներ ՊԵԿ-ի կողմիցմի քանի անգամ նախազգուշացում ստանալուց հետո չեն փոխել իրենց վարքագիծը, ինչի հետևանքով էլ իրենք իրականացրել են իրենց պարտականությունները: «Երբ շուրջ 10 ամիս մոտավորապես 200 տնտեսվարող անընդհատ ցույց է տալիս 1 միլիոն դրամի իրացման շրջանառություն, սա չի կարող դուրս մնալ մեր ուշադրությունից: Այս սուբյեկտների նկատմամբ պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է իրականացնել համապատասխան վարչարարություն, որի լիազորությունն օրենքով տրված է»,- նշեց Միրումյանը:
ՊԵԿ փոխնախագահը հստակեցրեց, որ հարկային մարմիններին նման իրավիճակներում վարչարարություն իրականացնելու լիազորություն տրված է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և «Հարկային ծառայության մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածները: