ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհուրդը նիստ է գումարել
ՀայաստանՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները: Ըստ այդմ՝ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները: Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվել է ազատությունից զրկված անձանց համար արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով ներդնել տեսազանգից օգտվելու հնարավորություն:
Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է կատարման փուլում գտնվող մի շարք աշխատանքներ ևս:
Այնուհետև, ըստ նիստի օրակարգի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս Դավիթ Հարությունյանին ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:
Ամփոփելով խոսքը՝ նախարար Հարությունյանը Խորհրդի անդամներին հորդորել է գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները, ըստ ոլորտների, քննարկել համապատասխան գերատեսչություններում գործող հասարակական խորհուրդների անդամների հետ, որի ամփոփ ներկայացումը նախատեսվում է կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության կողմից դեկտեմբերին: