Փաստաբանն ազատ է արձակվել
RightԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը չի բավարարվել, փաստաբանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք:
Ընդ որում՝ կաշառք ստանալու գործընթացն առանց խոչընդոտների և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վ. Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի և վերջինի քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: