Ոստիկանությունը՝ վարչապետի հանձնարարականի հետքերով
SocietyԿառավարության նոյեմբերի 16-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմիններին, ՀՀ ոստիկանությանը հանձնարարեց զբաղվել ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու դեպքերով:
ԼՈւՐԵՐ.com-ը ՀՀ ոստիկանությունից փորձեց ճշտել՝ ի՞նչ քայլեր է իրականացրել ոստիկանությունն այս ուղղությամբ և դրանք ինչպիսի՞ն են լինելու վարչապետի վերը նշված հանձնարարականից հետո:
ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնում են, որ անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու և գիշերային ակումբներ նրանց հաճախելու խնդիրների կապակցությամբ ՀՀ վարչապետի հանձնարարականից բխող պահանջների կատարման կազմակերպչական հարցերը ներկայումս ՀՀ ոստիկանությունում գտնվում են քննարկման փուլում:
«Անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները կանխարգելելու, վերջիններիս իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև նրանց կողմից և նկատմամբ կատարվող իրավախախտումները նախականխելու, վերջիններիս հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպքերը բացառելու նպատակով, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողների կողմից ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անց են կացվել տարբեր իրավական թեմաներով զրույցներ-հանդիպումներ: Հարկ է նշել, որ իրականացվող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, հանրապետության տարածքում գործող հանրակրթական բոլոր դպրոցներում անց են կացվում նաև «Վնասակար երևույթներ» թեմայով հանդիպում-զրույցներ և նմանօրինակ միջոցառումների անցկացումը կրում է պարբերական բնույթ»:
Ինչպես հայտնում են ոստիկանության ՀԿԼ վարչությունից, վերջին տարիների ընթացքում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողները պարբերաբար Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում և մի շարք մարզերում գործող ժամանցի վայրերում՝ բարերում, սրճարաններում, կարաոկե-ակումբներում, գիշերային ակումբներում տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի վաճառքը խստիվ արգելվում է» խորագրով:
«Միաժամանակ, վերը նշված վայրերի տնօրինությունը զգուշացվել է անչափահասներին ալկոհոլային խմիչքներ և ծխախոտի վաճառքը, ինչպես նաև նարգիլեի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: Միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Հարկ է նշել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործող անչափահասներն իրենց բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանման անչափահասների գործերով բաժանմունքներում /խմբերում/ վերցվում են պրոֆիլակտիկ քարտային հաշվառման, և վերջիններիս հետ անց են կացվում կանխարգելիչ բնույթի աշխատանքներ»,-ասված է պատասխանում:
Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ անչափահասների կողմից ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ գնելը վերջիններիս նկատմամբ չի առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն, սակայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջների համաձայն՝
-18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Գործող օրենսդրության համաձայն՝ նշված կետով վարչական վարույթ իրականացնող մարմին են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
Հարկ է նշել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործող անչափահասներն իրենց բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանման անչափահասների գործերով բաժանմունքներում /խմբերում/ վերցվում են պրոֆիլակտիկ քարտային հաշվառման, և վերջիններիս հետ անց են կացվում կանխարգելիչ բնույթի աշխատանքներ:
Աղավնի Սուքիասյան