Հայաստան-Սփյուռք. ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ…
AnalyticalԱմեն տարի կազմակերպվող հեռուստամարաթոնների վերաբերյալ կարծիքները բազմազան են, հաճախ միմյանց հակառակ: Ոմանք նմանատիպ միջոցառումները համարում են հայության միասնական ուժը մեկտեղելու հաջողված միջոց, ոմանք էլ ոչ մի հույս չեն կապում նմանատիպ բաների հետ` համոզված լինելով, որ դրանք այն գործիքակազմերը չեն, որոնք կարող են լիարժեք արդյունք տալ, իսկապես ծառայել նպատակին:
Այս տարի ևս, ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոնը, որն այս տարի կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը։ Հավաքված միջոցներն ուղղվելու են երկու ուղղությամբ` Արցախում խորքային հորերի հորատմանն, նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կայանների տեղադրմանը Ասկերանի շրջանում և Շուշիում։
Իհարկե, խրախուսելի է մարդկանց ջանքերը` հավելյալ միջոցներ հավաքելու ու այն ուղղելու համապատասխան ուղղությամբ, սակայն հարցերը, որոնք առաջ են գալիս այս ամենի հետ կապված, ոչ մի կերպ չի կարելի անտեսել: Նախ` պետք է ամրագրել, որ հեռուստամարաթոնի միջոցով հավաքագրված գումարներն երբեք աչքի չեն ընկել իրենց ծավալներով: Ասել կուզի` հայկական սփյուռքի ներուժն ու ֆինանսական հզորությունը անհամեմատ ավելին են, քան առաջին հայացքից կարող է թվալ, երբ մտովի փորձում ես ամփոփել այն արդյունքները, որոնք սովորաբար գրանցվում են նմանատիպ միջոցառումների ժամանակ: Տեղյակ լինելով աշխարհում հայկական կապիտալի իրական ծավալներից (մոտ քառորդ տրիլիոն դոլար)` ցանկացած մեկը կարող է իրեն հարց տալ` ինչո՞ւ, այնուամենայնիվ, հավաքագրվող գումարներն այնքան էլ տպավորիչ ծավալներ չեն ունենում ու սահմանափակվում են ամենից հաճախ մի քանի միլիոնի սահմաններում: Ի՞նչ է, սփյուռքահայերն են պակաս հայրենասեր դարձել, թե՞ աղքատացել են:
Իրականում պատասխանելու համար այս հարցին հարկավոր է մի բան նկատի ունենալ. այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նկատվում է յուրատեսակ անդունդ, անվստահության մի խորխորատ է առաջացել, որն առաջ է եկել հայաստանյան իրականության հետևանքով: Խնդիրը ոչ թե Սփյուռքի սառնասրտությունն է, այլ` չեղած վստահությունը. ցավոք, մեծագույն խնդիր է մնում փողի տնօրինման արդյունավետության հարցը Հայաստանում, ու դրսի հայը չունի վստահություն, թե ինչպես կտնօրինվեն այն փողերը, որոնք հավաքագրվում են: Դրանք կփոշիացվե՞ն, թե՞ իրենց նպատակին կծառայեն: Հայաստանն իր անկախացումից ի վեր տարբեր խողովակների միջոցով ստացել է ավելի քան 10 մլրդ դոլար գումար, ու եթե այդ գումարների գոնե 50%-ը բանեցվեին ըստ նշանակության, ապա այսօր մենք որակապես այլ եկրում կապրենիք: Սփյուռքին նախևառաջ հստակ երաշխիքներ են հարկավոր, որոնք նրանք չունեն, ինչի արդյունքում էլ ունենում ենք այն, ինչ ունենում ենք ամեն տարի…
Մնում է ուղղակի հուսալ, որ ժամանակի ընթացքում Հայաստանին կհաջողվի վստահություն ձեռք բերել Սփյուռքում ու շարքային սփյուռքահային ապացուցել, որ նրա նվիրաբերած ամեն մի լուման ծախսվում է ըստ նպատակի. սա է ելքն այս անդունդից:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ