Հարուստը կզրկվի, չունևորը՝ կշահի․․․
Economy2018 թվականի հունվարի մեկից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերած քաղաքացիների համար կգործի եկամտահարկի վերադարձման նոր կարգ: Ըստ այդմ՝ 55 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ ձեռք բերող քաղաքացիները, չեն կարողանա օգտվել եկամտահարկից հիպոթեքային վարկի տոկոսների մարման հնարավորությունից, փոխարենն այդ արտոնությունը կտրվի ոչ հարուստ և միջին խավի այն ներկայացուցիչներին, ովքեր հիպոթեքային վարկով բնակարան կգնեն:
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եկամտահարկի վերադարձման նոր կարգը դրական քայլ որակեց։
«Բնակարանի ձեռքբերման առումով սա էականորեն դրական քայլ է, քանի որ առանց այն էլ տոկոսադրույքների բարձր լինելու պայմաններում մենք հանդիպում ենք մեծ դժվարությունների: Հիփոթեքային վարկերի տրամադրումը, որը ենթադրում է եկամտահարկից պահում, հնարավորություն է տալիս ավելի մատչելի պայմաններ նրանց, ովքեր բնակարանի կարիք ունեն»,- ասաց տնտեսագետը:
Սակայն պետք է նշենք, որ արտոնության սահմանափակումը չի տարածվի այն քաղաքացիների վրա, ովքեր արդեն իրենց անունով ունեն մեկ անշարժ գույք։
Բոստանջյանը նկատեց՝ լավ կլիներ, եթե օրենքն ունենար հետադարձ ուժ, բայց նման բան չի կարող լինել․ «Մեր օրենքներն այլևս հետադարձ ուժ չունեն: Միջազգային չափանիշներով ու ստանդարտներով խաղի կանոնները մինչև նոր օրենքի ընդունվելը մնում են անփոփոխ: Բոլոր իրավական փաստաթղթերի առումով կոպիտ սխալ կլինի, եթե օրենքի կարգավորումը շուռ գա նախորդ պայմանագրի վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երկար ժամանակ է հետադարձ ուժ չի տրվել որևէ օրենքով: