Բենզինը կրկին թանկացել է. ՏՄՊՊՀ-ն հաստատում է
ЭкономикаՇուկայում բենզինը կրկին թանկացել է: Որոշ բենզալցակայաններում այս լայն սպառման ապրանքը թանկացել է 10 դրամով: Այս պահին մանրածախ շուկայում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 410 դրամով, պրեմիում տեսակի բենզինը՝ 430 դրամով: Հատկանշական է, որ դեռևս տարվա սկզբին ռեգուլյարի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումինը` 390 դրամ:
ԼՈւՐԵՐ.com-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեց ճշտել՝ արձանագրե՞լ են արդյոք բենզինի շուկայում գնաճ, ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ քայլերի է դիմելու հանձնաժողովը: Մեզ ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հանձնաժողովը վերջին օրերի ընթացքում արձանագրել է բենզինի գնի թանկացում. «Մոնիթորինգի արդյունքների համաձայն, որոշ բենզալցակայաններում 10 դրամով բարձրացել է նաև բենզինի գինը: Մենք ներկրողներից պահանջել ենք յոթօրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել փաստաթղթեր: Ներկայացված փաստաթղթերը կհամեմատենք միջազգային շուկայում գործող գների հետ: Ներկրող ընկերություններից պահանջել ենք նաև հանձնաժողով ներկայացնել բենզինի ձեռքբերման գները: Այս բոլոր փաստերը կհամեմատենք և կուսումնասիրենք, որից հետո ՏՄՊՊՀ-ն կտա համապատասխան եզրակացություն»:
Քանի որ շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ՝ Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու նպատակով:
Նկատենք, որ սովորաբար, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես բենզինի գնաճ է նկատվում, ի տարբերություն էժանացումների, որոնց պարագայում շուկան նույն ակտիվությամբ չի արձագանքում:
Սոնա Հարությունյան