Պամիդորը գնալու ա, տնտեսական աճը գալու ա. это всё ерунда
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ քառօրյայում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի համար սահմանվել է 3 ժամ:
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին՝ դրա համար բերելով հիմնավորոււմներ. «Թեև մենք ասում ենք, որ պամիդորը գնալուա, աշխատուժը գնալուա, տնտեսական զարգացումը գալուա, բայց հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենալու: Մենք պետք է էն գլխից արձանագրենք, որ մաքսային հարաբերությունների հետ կապված խնդիրներ են ծագելու»,-ասաց պատգամավորը՝ որպես ասվածի ապացույց բերելով իրեն հասցեագրված մի նամակ, որը գրել է ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից մեկը:
Վերջինս նամակով հայտնել է, որ իր հարցին՝ արդյոք Մաքսային միության փաստաթղթաշրջանառությունը չի՞ կարգավորում ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը, ՌԴ մաքսայինի աշխատակիցը նշել է. «это всё ерунда»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը նույն պատասխանն է տալու մեզ նաև հետագայում, երբ Մաքսային միության վերաբերյալ կնքված փաստաթղթերը ցույց տանք. «Իրենք նույնպես ասելու են «это всё ерунда» և ստացվելու է, որ ՀՀ Ազգային ժողովը երեք տարի փութաջանորեն զբաղվել է ерунда-ներին կողմ քվեարկելով»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ ԵԼՔ-ը չի ցանկանում կողմ քվեարկել ерунда-ներին և իրենք խիստ հարգելի պատճառով դեմ են քվեարկելու «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: