Մեր դասական ընտանիքների հետ այս օրինագիծը որևէ անելիք չունի. Արփինե Հովհաննիսյան
PoliticalԱզգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պատգամավորներին կոչ է անում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին չվերագրել այնպիսի դեր, ինչպիսին այն չունի ու չի կարող ունենալ: Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորեց օրենքի նախագծին չվերագրել կարգավորիչ դեր: «Այս օրենքը որևէ պարագայում չի կարող, չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ: Չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ:
Մի՛ վերագրեք օրենքին այնպիսի դեր, որը ի սկզբանե բաժանարար գծեր է տանում: Այստեղ չկա մեր և ձեր տեսակետ: Վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրն առաջին պայքարողն է լինելու այն դրսևորումների դեմ, որոնց դեմ պայքարելու համար է նաև այս օրինագիծը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ չի կիսում այն տեսակետները, որոնք օրենքի նախագծի համատեքստում խոսում են հայրիշխանության կամ մայրիշխանության դեմ պայքարի մասին:
«Իսկ ինչ վերաբերում է եզակի առանձնյակներին՝ հայհոյախառը, հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է, և ես այդ տիրույթում անելիք չունեմ: Հարգելի՛ գործընկերներ, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին, որովհետև վստահ եմ, որ ձեզանից որևէ մեկը չի հանդուրժի այն դրսևորումները, որոնց դեմ այս օրինագիծը պայքարում է: Մեր դասական ընտանիքների հետ այս օրինագիծը որևէ անելիք չունի»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը: