Ջանջուղազյանը գող համայնքապետերի չի ճանաչում
ПолитическиеՉեմ ճանաչում գող համայնքապետերի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով ՏԻՄ-երին նվիրված համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե համայնքապետերի գողություններն այլևս չեն ներվելու։
Դիտարկմանը, թե բյուջեից համայնքներին տրամադրված միջոցների քանի՞ տոկոսն է անարդյունավետ ծախսվում, Ջանջուղազյանն ընդգծեց. «Եթե ես իմանամ անարդյունավետ ծախսի չափը, ապա այն կդադարի անարդյունավետ լինել, որովհետև մեր խնդիրն է ջանքեր չխնայել, որ անարդյունավետ ծախսեր չլինեն, այսինքն, եթե ես անարդյունավետ ծախսերի տեղը իմանամ, ես միջոցներ կձեռնարկեմ այն արդյունավետ դարձնելու համար», - նշեց նա։
Դիտարկմանը, թե ժամանակին Իշխան Զաքարյանը ասում էր, որ բյուջեից տրամադրած միջոցների 70 տոկոսը մսխվում է, Ջանջուղազյանն արձագանքեց.
«Երբևէ լսած կա՞ք, որ կառավարությունը որևէ նման բան ասի։ Չեք կարող այդպիսի բան լսել։ Լավ, ասենք, Իշխան Զաքարյանն ասել է, բայց ինչի՞ եք ինձ հիմա նման հարց տալիս, ես այդպիսի բան չեմ կարող ասել, որովհետև այդպես չեմ մտածում։ Հիմա այդ 70 տոկոսի տեղը դուք տեսե՞լ եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ մեծ գումար է։ Դուք համարում եք, որ այդքանը հնարավո՞ր է մսխվեր»։
Հարցին՝ արդյոք 48 մլրդ դրամը բավարա՞ր է համայնքային զարգացման համար և արդյո՞ք ճիշտ կլինի, եթե պետբյուջեն ընդհանրապես դադարի համայնքներին դոտացիաներ տալ, փոխնախարարը շեշտեց.
«Չեմ կարծում, որ որևէ ծախս բավարար է այն նպատակի լիարժեք իրագործման համար, որի համար նախատեսվում է»,-եզրափակեց Ատոմ Ջանջուղազյանը։