«Ժողովուրդ». Քաղաքացիական գործերով դատավորն արդեն ութ ամիս է՝ որևէ դատական նիստ չի նշանակել
Армянская пресса«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործերով դատավոր Ավագ Գաբրիելյանն իր վարույթում գտնվող գործերից մեկով արդեն ութ ամիս է՝ որեւէ դատական նիստ չի նշանակել:
Սա հարուցել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանի դժգոհությունը, եւ նա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով: Այնտեղ, սակայն, մերժել են փաստաբանին, որից հետո նա դատական հայց է ներկայացրել հանձնաժողովի դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գյոզալյանը տեղեկացրել է, որ այդ հայցից բացի` ինքը բողոք է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նույն խնդրանքով: «Կարծում եմ, որ այստեղ ծանրաբեռնվածության հարց չկա, քանի որ այս գործով ընդհանրապես նիստի օր չի նշվում:
Ծանրաբեռնված է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, որը այսօր ընդունում է վերաքննիչ բողոքը վարույթ եւ դատական նիստ է նշանակում 2019 թվականի ապրիլին, սա ես հասկանում եմ ինչ-որ մի տեղ, բայց այս դատավորը ընդհանրապես նիստ էլ չի նշանակում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: